Ձյուդոյի Հայաստանի երիտասարդների եւ պատանիների հավաքականներն ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ մարտի 3-ից ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում:
Պատանիները պատրաստվում են Ռուսաստանի Տուլա քաղաքում կայանալիք Եվրոպայի գավաթի խաղարկության փուլին: Այն վարկանիշային է 2018 թ. Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի համար: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հովհաննես Դավթյանը նշեց, որ միայն հավաքից հետո կորոշեն, թե որ պատանի ձյուդոյիստները հանդես կգան Ռուսաստանում.
«Վարկանիշեր խաղարկվում են չորս քաշային կարգում: Մեր պատանիներից մեծ ակնկալիքներ ունենք: Այս տարի արդեն մի քանի մրցաշարերի ենք մասնակցել, որտեղ Յուրի Իսրայելյանն ու Ստեփան Դարբինյանը մեդալներ են նվաճել: Այդ մրցաշարերը նունպես վարկանիշային էին»,- ասաց Հովհաննես Դավթյանը:
Երիտասարդներն ուսումնամարզական հավաքից հետո կմասնակցեն այս տարվա առաջին միջազգային մրցաշարին: