Բասկետբոլի Հայաստանի երիտասարդների հավաքականը կգլխավորի Քրիս Ղուկասը

17:15 - 26 Փետ, 2018

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց մինչեւ 20 տարեկանների հավաքականի ավագ մարզիչ է նշանակվել Քրիս Ղուկասը:

Հայազգի մարզիչն աշխատել է հունական մի շարք ակումբներում, այդ թվում «Պանիոնիս», «Կավալաս», «Իրակլիս», «ՕՖԻ Կրետե» եւ այլն: 2015-2017 թվականներին Քրիս Ղուկասը գլխավորել է Ավստրիական «Օբերվարտը», իսկ 2017-ից մինչ այժմ «ՈւՍԿ Պրահա» ակումբի գլխավոր մարզիչն է:

ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանի խոսքով Քրիս Ղուկասը բարձրակարգ մասնագետ է եւ հաջողությամբ աշխատել է Հունաստանում, Ավստրիայում, Չեխիայում.

«Նրա թեկնածությունը ֆեդերացիան վաղուց էր քննարկում տարբեր տարիքային հավաքականների մարզչի պաշտոնում: Հաջողություն եմ մաղթում Քրիս Ղուկասին, այս պատասխանատու գործում»,- ասել է Հրաչյա Ռոստոմյանը:

Հայաստանի երիտասարդների հավաքականը հուլիսի 13-22-ը մասնակցելու է 2018 թվականի Եվրոպայի առաջնության B դիվիզիոնին: Մեր թիմն ընդգրկված է C ենթախմբում, որտեղ մրցելու է Հունգարիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների, Ռուսաստանի եւ Չեխիայի հավաքականների հետ:

 

Լուսանկարը՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի

Այլ նորություններ