Փաշիկ Ալավերդյան. Նազիկ Ավդալյանն ավարտել է կարիերան

15:05 - 26 Փետ, 2018

Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը երկար ժամանակ է դադարեցրել է մարզումները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը.

«Նա հայտարարել է, որ այլեւս չի մասնակցելու մրցումների, ավարտում է կարիերան եւ ցանկանում է ուշադրությունը լիովին սեւեռել ընտանիքի վրա»,- ասաց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

Խոսելով առաջիկա ծրագրեի մասին՝ Փաշիկ Ալավերդյանը նշեց, որ մեծահասակներն օգոստոսի 20-ից հետո կարող են մասնակցել միջազգային ֆեդերացիայի օրացուցային ծրագրում ընդգրկված բոլոր մրցումներին.

«Մեր գլխավոր նպատակը, իհարկե, աշխարհի առաջնությունն է, որտեղ խաղարկվելու են օլիմպիական խաղերի վարկանիշեր: Նոր կանոնակարգի համաձայն, օլիմպիական ուղեգրերը լինելու են անհատական: Այսուհետ Խաղերին յուրաքանչյուր երկիր առավելագույնը կարող է ունենալ 4 կին  եւ 4 տղամարդ ծանրորդ:

Մինչեւ տարվա գլխավոր ստուգատեսը, մեր մարզիկները կմասնակցեն ուսանողական խաղերին, Եվրոպայի Մ 20 ու Մ 23 տարեկանների առաջնություններին, որպեսզի լիովին պատրաստ մոտենանք աշխարհի առաջնությանը: Ինչպես նաեւ, կունենաք ուսումնամարզական հավաքներ: Հաջորդ ամիս տղամարդիկ հավաք կանցկացնեն Ուկրաինայում, իսկ կանայք՝ Երեւանի Օլիմպավանում»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Այս տարի կարեւոր մրցում է սպասվում պատանիներին: Բուենոս Այրեսի պատանեկան ամառային խաղերին երկիրը կարող է ներկայացնել մեկ տղա եւ մեկ աղջիկ.

«Մեկ ուղեգիր ունենք տղաներից: Դեռեւս չենք որոշել՝ որ ծանրորդը կմեկնի Բուենոս Այրես: Ամեն դեպքում հանդես կգա ուժեղագույնը: Իսկ աղջիկներն օլիմպիական ուղեգիր կփորձեն ձեռք բերել Եվրոպայի առաջնությունում: Դրա համար պետք է թիմային հաշվարկով զբաղեցնել 1-6-րդ հորիզոնականները: Մեծ հնարավորություններ ունի Լիանա Գյուրջյանը»,- նշեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

Նախատեսվում է, որ մարտի 26-ին կլինի ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողով, որին կմասնակցնի նաեւ Փաշիկ Ալավերդյանը:

 

Այլ նորություններ