Բասկետբոլի Եվրոպայի 2021 թ. առաջնության նախընտրական փուլում Ալբանիայի նկատմամբ հաղթանակից հետո (84։65), Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը լրագրողների հետ զրույցում ամփոփեց խաղի արդյունքը.
«Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին հիանալի աջակցության համար։ Շնորհավորում եմ իմ տղաներին։ Այսօր նրանք մեծ կամքի ուժ, նվիրվածություն դրսեւորեցին եւ արեցին առավելագույնը։ Նրանք շատ լավ տիրում էին օղակից հետ եկած գնդակին։ Մենք ուսումնասիրել էինք Ալբանիայի հավաքականին։ Դա իմ աշխատանքն է, սակայն ես չեմ կարող այն կատարել, եթե իմ տղաները չանեն իրենց աշխատանքը խաղադաշտում։ Ալբերտ Թադեւոսյանն այդպես էլ չհասցրեց ապաքինվել վնասվածքից ու ստիպված խաղացինք առանց նրա։ Ալբերտը շատ կարեւոր խաղացող է մեր համար»,-ասաց Նիշա Բավցեւիչը։
Մարզիչը գոհ էր հավաքականում նորամուտը նշող Արագադ Աբրամիանի խաղից։ Բավցեւիչը մեծ հույսեր է կապում երիտասարդ խաղացողի հետ.
«Արագադ Աբրամիանը հուզված ու լարված էր, բայց հրաշալի է, նա 10 անգամ տիրել է օղակից հետ եկած գնդակին ու կատարել 5 արդյունավետ փոխանցում։ Մեկ անգամ ասել եմ՝ նա Հայաստանի բասկետբոլի հավաքականի ապագան է։ Այսօր խոսքս ապացուցվեց խաղադաշտում»,- նշեց մարզիչը։
Մեր հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի հունիսի 28-ին Դանիայի հետ։ Երեւանում կայացած խաղում հայ բասկետբոլիստները պարտվել էին օվերթայմում.
«Ամռանը մեր թիմին կմիանան ԱՄՆ-ում հանդես եկող բասկետբոլիստները։ Այդ դեպքում, կարող եմ ասել, որ մենք Դանիա կմեկնենք հաղթանակի իրատեսական շանսերով»,- ասաց Նիկշա Բավցեւիչը։