Մինչ հայ դահուկորդները Փհենչհանում մասնակցում են 23–րդ ձմեռային օլիմպիական խաղերին, լրագրողները գրավել են Ծաղկաձորի սահուղին: Սպիտակ մարզաձեւի մասին խոսել, լսել ու գրել են, բայց սահել ոչ բոլորին է հաջողվել: Այս դեպքում կարեւորը ոչ թե մասնակցությունն էր, այլ վնասվածքներ չստանալը:
Դահուկով մի քանի շրջան լեռներում՝ հոգնածությունն ու ծնկների ցավը տեղի տվեցին: Հիմա արդեն սեփական փորձով գիտենք, թե ինչ հսկայական աշխատանք են կատարում մեր դահուկորդները:
Հասմիկ Գրիգորյանն այն լրագրողներից մեկն է, որը Ծաղկաձորի ճոպանուղու և «Սպորտը բոլորի համար» ՀԿ-ի ծրագրի միջոցով առաջին անգամ սահեց դահուկով.
«Սկզբնական լարվածությունը հաղթահարելուց հետո ամեն ինչ ավելի հեշտ ու հետաքրքիր է դառնում: Չէի պատկերացնում, որ մեկ մետրից ավելի կարող եմ սահել դահուկով, այն էլ նման բարձունքից»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հասմիկ Գրիգորյանը:
Հայաստանում դեռեւս ձմեռային մարզաձեւերը զարգացնելու խնդիրներ կան: Նախորդ տարվա հոկտեմբերից ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ներդրումների շնորհիվ Ծաղկաձորի ճոպանուղում ամբողջովին փոխվել են շահագործման ժամկետը սպառած ճոպանները, ընդարձակվել եւ բարեկարգվել են դահուկուղիները, կառուցվել է նաեւ նոր գիշերային դահուկուղի:
ՀԱՕԿ նախագահի հանձնարարությամբ ընթացքի մեջ են Ծաղկաձորի գերժամանակակից օլիմպիական մարզահամալիրի նախագծման աշխատանքները: Գագիկ Ծառուկյանն ավելի քան 30 միլիարդ դրամի ներդրում է կատարել նոր մարզաբազա կառուցելու համար: Այն կծառայի գրեթե բոլոր մարզաձեւերին:
Բարեփոխումները կշարունակվեն նաև Ճոպանուղու տարածքում : Նախատեսվում է կառուցել 4700 մետր երկարությամբ նոր ճոպանուղի, որը կլինի ավելի արագ ու հարմարավետ: Տարածքում կտեղադրվեն նաև արհեստական ձյան կայաններ: Բացի այդ, Թեղենիսի լանջին կկառուցվի լողավազան, իսկ ամռանը այցելուները հնարավորություն կունենան զբաղվել լեռնային հեծանվասպորտով: