Հաշված օրերից Փհենչհանում կմեկնարկեն 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Հայաստանը Փհենչհան-2018-ում ունի երեք մարզիկ՝ երկու դահուկավազորդ եւ մեկ լեռնադահուկորդ: ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց մեր մարզիկների հնարավորությունների մասին.
«Ցավոք, ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցում ենք Պիեռ դը Կուբերտենի օլիմպիական գաղափարի ներքո՝ «Կարեւորը մասնակցությունն է, այլ ոչ թե հաղթանակը» նշանաբանով:
Դրա համար կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Մենք չունենք համապատասխան պայմաններ եւ այնպիսի մարզիչներ, որոնք կարող են այդ աստիճանի բարձրակարգ մարզիկներ պատրրաստել: Այս երկու խնդրի համադրումը հանգեցնում է նրան, որ ձմեռային օլիմպիական խաղերում մենք պարզապես մասնակից ենք: Բայց, պետք է նշեմ՝ նախորդ տարիների համեմատ մենք արդեն վարկանիշով ենք մասնակցում, այսպես ասած, մեր մարզիկի վաստակով:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մեծ ներդրում կատարեց, որի շնորհիվ լեռնադահուկային նոր սահուղիներ ստեղծվեցին Ծաղկաձորում: Սա թույլ տվեց առանձնացնել մարզիկների եւ պարզապես լեռնադահուկային սպորտի սիրահարների սահուղիները: Սա առաջին քայլն է: Երկրորդը, որը ոչ պակաս կարեւոր է ՝ բարձր մակարդակի top 10 մասնագետների ներգրավումն է: Մարզիկներ ունենք, մենք տաղանդավոր ազգ ենք, պետք է ճիշտ մոտեցում:
Ինչ վերաբերում է դահուկավազքին՝ այս մրցաձեւի համար լրիվ այլ պայմաններ են հարկավոր, որը Ծաղկաձորում լիովին չկա: Հաջորդ տարի Ծաղկաձորում կունենաք արհեստական ձյան սարքեր, որպեսզի ձյան խնդրի առջեւ չկանգնենք, ինչպես այս տարի:
Աշոցքը համապատասխանում է դահուկավազքի կենտրոն կառուցելու պայմաններին, բայց այսօր մենք հենակետային մարզաձեւերում ենթակառուցվածքների խնդիր ունենք եւ կենտրոնացած ենք այդ ուղղությամբ: ՀԱՕԿ նախագահը Ծաղկաձորում նոր մարզահամալիր է կառուցում: Այն կհամապատասխանի միջազգային բոլոր ստանդարտներին եւ կծառայի ավելի քան 17 մարզաձեւի»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը:
Խոսելով Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի որակազրկման մասին, Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ կատարել են միջազգային ֆեդերացիայի բոլոր պահանջները՝ ժողովներ, մարզիկների բազմակի ստուգումներ, տուգանքի վճարում.
«Նախնական տվյալով մեր որակազրկումը 6 ամիս է: Եվրոպայի առաջնությունը նախատեսված էր Ալբանիայում, բայց այդ երկիրը նույնպես պատժվածների ցանկում է: Ավելին, այս ընթացքում եւս երկու ալբանացի ծանրորդներ խախտել են հակադոպինգային կանոնները: Դեռեւս անհայտ է առաջնության մրցավայրը, գուցե նաեւ ամսաթիվը հետաձգվի: Այս դեպքում կկարողանանք մասնակցել»,- ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը:
Այս տարի Բաքվում անցկացվելու է երկու կարեւոր մրցաշար՝ ձյուդոյի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է Տոկիո-2020-ի համար եւ Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի համար սպորտային մարմնամարզության միակ վարկանիշային մրցաշարը: Երկու մարզաձեւում էլ հայ մարզիկների մասնակցությունը դեռեւս հարցականի տակ է.
«Մենք բանակցում ենք միջազգային ֆեդերացիաների հետ: Քննարկումից հետո պարզ կդառնա՝ կգնանք Բաքու, թե՝ ոչ»,- նշեց Հրաչյա Ռոստոմյանը:
Անդրադառնալով Հայաստանում բասկետբոլի զարգացմանը՝ ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը հայտնեց, որ եւս չորս ակումբ են հայտ ներկայացրել մեծահասակների առաջնությունում հանդես գալու համար.
«Առանց ներքին առաջնություն, ակումբներ ունենալու, գրեթե անհնար է ազգային հավաքական պահելը: Դրա համար նախորդ տարի մենք ստեղծեցինք անկախ լիգա: Յոթ թիմ մասնակցում են կանոնավոր առաջնությանը: Պետք է ասեմ, որ հետաքրքրությունը մեծ է, մարզերում էլ խաղերի ժամանակ դահլիճները լիքն են: Հաջորդ մրցաշրջանում նախատեսում ենք տասը ակումբի մասնակցություն»,- եզրափակեց Հրաչյա Ռոստոմյանը: