Այս օրերին Երեւանում էր 2016 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ըմբիշ Միհրան Հարությունյանը:
Անվանի մարզիկը Հայաստան եկել էր անձնական գործերով: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, հունահռոմեական ըմբշամարտի համակարգող եւ Հայաստանում Միհրան Հարությունյանի անձնական մարզիչ Սամվել Գեւորգյանը ՀԱՕԿ լրատվականին ասաց, որ Միհրանը մտադիր է ըմբշամարտի մարզադպրոց հիմնել Արցախում: Նա այդ հարցով ավելի վաղ հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Մարզադպրոցի համար շենք է հատկացվել: Հիմա մնում է սկսել նորոգման եւ կահավորման աշխատանքները:
Օլիմպիական փոխչեմպիոնը, օգտվելով առիթից, ներկա եղավ Հայաստանի առաջնությանը, իսկ երեկ հանդիպում ունեցավ Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետ:
Միհրանը չի պատրաստվում լքել ըմբշամարտը՝ իր առջեւ նպատակ դնելով հանդես գալ Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերում: Այս ժամանակահատվածում Ռիո 2016-ի փոխչեմպիոնը դադար է վերցրել, որպեսզի ուժերը փորձի խառը մենամարտերում: Մինչ այդ Հարությունյանը հետվիրահատական վերականգնման փուլում էր՝ հին, չապաքինված վնասվածքը կտրուկ միջամտություն էր պահանջում: Այս պահին մարզիկն իրեն լավ է զգում, իսկ ապագում պատրաստվում է վերսկսել մարզումները մրցագորգում:
«Ես կարող եմ մրցագորգ վերադառնալ, քանի որ լավ մարզավիճակում եմ: Սակայն պայմանագիր ունեմ խառը մենամարտերում հանդես գալու համար եւ պետք է պատրաստվեմ մենամարտին: Ինչ վերաբերում է հնարավոր քաշային կարգին, եթե ոչ 77, ապա՝ 67: 72 կգ քաշային կարգը բացառված է, քանի որ օլիմպիական չէ»,-ասաց Միհրան Հարությունյանը: