ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը մեկնաբանեց հայ մարզիկների ելույթները Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությունում:
«Սլավիկ Հայրապետյանը հրաշալի կատարեց կարճ ծրագիրը՝ հասնելով աննախադեպ արդյունքի: Նա լավ էր պատրաստվել եւ արժանի էր նաեւ լավագույն տասնյակում հայտվելուն: Մենք շատ գոհ ենք նրանից:
Ինչ վերաբերում է Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային զույգին, նրանք եւս հաջող հանդես եկան: Այս մրցաձեւում մրցավարությունը թերեւս ավելի կողմնակալ էր, քան մենասահքում: Այստեղ ցատկեր եւ բարդ տարրեր չկան: Ես վախենում էի, որ մրցավարները նրանց անգամ եզրափակիչ չեն թողնի: Այն գեղասահորդները, որոնց երկրները մրցավարական կազմում չունեն իրենց ներկայացուցիչները, միշտ ավելի ցածր միավորներ են ստանում, քան արժանի են: Դա է իրականությունը:
Հունվարի 27-ին հայտնի կդառնան Փհենչհանի Օլիմպիական խաղերի մասնակիցների անունները: Անաստասիա Գալուստյանը, Թինան եւ Սիմոնը շարունակում են պահպանել առաջին պահեստայինի կարգավիճակը: ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել, թե ՄՕԿ-ը մտադիր է ռուս գեղասահորդ Իվան Բուկինին, որն Ալեքսանդրա Ստեպանովայի զուգընկերն է, չթողնել Օլիմպիական խաղեր-2018: Այսպես թե այնպես, սպասելու քիչ ժամանակ է մնում:
Այս տարի մեր գեղասահորդները հանդես կգան աշխարհի առաջնությունում, որը կանցկացվի Միլանում (մարտի 19-25): Մինչ այդ մարզիկները, հնարավոր է մասնակցեն միջազգային մրցաշարերի»,- եզրափակեց Մելանյա Ստեփանյանը»: