Մարիա Կուրսովան երկրորդ անգամ (առաջին անգամ՝ 2012 թ.) դարձավ շախմատի Հայաստանի չեմպիոն: Այս առաջնությունը երկրորդն էր շախմատիստուհու համար, որը 2011 թվականին ամուսնացավ գրոսմայստեր Արման Փաշիկյանի հետ եւ սկսեց հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո:
- Մարիա, շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ: Այս տիտղոսն, առաջինի համամատ, ավելի դժվարությա՞մբ տրվեց:
- Շնորհակալություն: Երկու առաջնություններն էլ հեշտ չէին: Այս անգամ խաղս ստացվեց, պարտիաների որակից գոհ եմ: Երբեմն բախտս բերում էր, բայց ինչպես ասում են՝ բախտը չեմպիոններին է ժպտում (խմբ.-ժպտում է):
- Երկար ժամանակ Աննա Սարգսյանի հետ առաջատարի դիրքում էիք: Ինչպե՞ս դասավորվեց նախավերջին տուրի որոշիչ պարտիան ձեր միջեւ:
- Ամենասկզբից ինձ հաջողվեց առավելություն ստանալ: Խաղը լարված էր, բայց կարողացա գործը հաղթական ավարտին հասցնել:
- Դուք եւ Լիլիթ Գալոյանը, հավաքականում երաշխավորված տեղ ունենալով, վերջին տարիներին հանդես չէիք գալիս Հայաստանի առաջնությունում: Դժվա՞ր էր կենտրոնանալ պայքարի վրա:
- Ինչ-որ չափով՝ այո: Այժմ մենք ստիպված էինք պայքարել ազգային հավաքականի ուղեգրի համար: Կարծում եմ՝ հուզմունքը խանգարեց Լիլիթին խաղալ ամբողջ ուժով: Բացի այդ, մյուս աղջիկները վերջին ժամանակներում սկսել են ավելի ուժեղ խաղ ցուցադրել: Կնշեմ Մարիա Գեւորգյանին, Աննա Սարգսյանին եւ Սիրանուշ Ղուկասյանին:
- Ինչպե՞ս եք գնահատում ազգային ֆեդերացիայի՝ հավաքական ձեւավորելու նոր սկզբունքը:
- Անձամբ ինձ համար տհաճ անակնկալ էր: Այդ մասին իմացանք դեկտեմբերի վերջին եւ ժամանակ չունեինք լիարժեք նախապատրաստվելու: Հավաքական ձեւավորելու նախկին սկզբունքը պարզ եւ հստակ էր: Թե ինչպիսի չափանիշներով ֆեդերացիան այժմ կառաջնորդվի, դեռ անհասկանալի է: Սակայն, մյուս շախմատիստների համար հավաքական մտնելու լրացուցիչ հնարավորություն ի հայտ եկավ: Տեսնենք՝ ինչ կստացվի: