Այսօր կայացել է ըմբշամարտի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստ, որտեղ քննարկվել են 2018 թվականի ծրագրերը:
Ֆեդերացիայի նախագահության անդամներն ու մարզիչները ցանկություն հայտնեցին նիստից հետո հանդիպել լրագրողների հետ՝ պարզաբանելու օրերս մամուլում տեղ գտած որոշ հրապարակումներ:
Հանդիպմանը ՀԸՖ նախագահի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանն ասաց.
«Սա ըմբշամարտի պատասխանատուների նախաձեռնությունն է: Նրանք ցանկացան հանրությանը մեկնաբանել օրերս մամուլում տեղ գտած մտքերը, քանի որ դրանք սխալ ուղղությամբ են ընթանում:
Մենք միշտ փորձել ենք եւ փորձելու ենք բարձր պահել մեր երկրի պատիվը միջազգային հարթակներում: Չի եղել մրցաշար, որից հպարտությամբ չվերադառնանք: Ընդհանուր հաշվարկով 2017 թվականին 25 մեդալ ենք ունեցել: Շատ ֆեդերացիաներ պարզապես կարող են երազել դրա կեսն ունենալու մասին»,- նշեց Հրաչյա Ռոստոմյանը:
Հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի խոսքով ֆեդերացիայում եղել են որոշակի խնդիրներ, որոնք ստացել են իրենց լուծումները.
«Ֆեդերացիայի նախկին նախագահ Սամվել Կարապետյանին շնորհակալ ենք կատարած աշխատանքի համար: Նրա հրաժարականից հետո՝ մայիսից, մենք խնդիրների առջեւ կանգնեցինք: Միայն պետական ֆինանսավորումը չէր բավականացնում հոգալ հավաքականների, ֆեդերացիայի ծախսերը: Այդ ժամանակ մեզ ձեռք մեկնեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նրա շնորհիվ մենք կարողացանք ուսումնամարզական հավաքներ անցկացնել, պատշաճ կերպով մասնակցել աշխարհի առաջնությանը, որի արդյունքները բոլորը լավ գիտեն:
Յուրաքանչյուր ընտանիքում կարող են լինել խնդիրներ, ինչպես եւ մեր՝ ըմբշամարտի ընտանիքում: Բայց մենք ինքներս կարող ենք կարգավորել մեր ընտանիքի բոլոր խնդիրները: Օրերս հանդիպել ենք ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Քննարկել ենք 2018 թվականի օրացուցային պլանը, խոսել շատ այլ հարցերի մասին: Ուրախալի է պարոն Ծառուկյանի պատասխանը մեզ: Նա ասաց, որ ըմբշամարտի ֆեդերացիան առ այսօր ֆինանսական խնդիրներ չի ունեցել, համոզված լինենք, որ նույն կերպով շարունակվելու է: Եվ, որ մեր հավաքականը լավագույններից է, պետք է ամեն ինչ անել նոր հաղթանակների համար»,- նշեց Լեւոն Ջուլֆալակյանը:
Ֆեդերացիայի փոխնախագահ Ռոբերտ Խաչատրյանը պարզաբանեց գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի «պաշտոնանկությունը»: Խաչատրյանը նշեց, որ Արայիկ Բաղդադյանն առողջական խնդիրներ ունի, որի պատճառով երկու-երեք ամսով բացակայելու է.
«Այս ընթացքում ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Վաղինակ Գալուստյանը: Լրագրողներին խնդրում եմ՝ մեր ընտանիքի անվան շուրջ ինտրիգներ չփնտրել եւ չստեղծել»,- ասաց Ռոբերտ Խաչատրյանը:
Ֆեդերացիայի նախագահության անդամ Լյովա Վարդանյանը կարեւորեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դերը հայկական սպորտում.
«2004 թվականին Աթենքի օլիմպիական խաղերում վատ մասնակցությունից հետո մենք ծանր դրության մեջ էինք, ոգեւորող չունեինք: Այդ ժամանակ ՀԱՕԿ նախագահի պարտականություններն իր վրա վերցրեց Գագիկ Ծառուկյանը: Այդ դժվար պահին պարոն Ծառուկյանը կանգնեց բոլոր մարզաձեւերի կողքին: 2008 թվականից սկսած բոլոր օլիմպիական խաղերից մեր պատվիրակությունը վերադառնում է մեդալներով»,- նշեց Լյովա Վարդանյանը:
Ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի խոսքով՝ անհերքելի փաստ է, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը միշտ եղել է բոլոր մարզաձեւերի կողքին, աջակցել է, պարգեւատրել մարզիկներին ու մարզիչներին:
Լեւոն Ջուլֆալակյանը խոսեց նաեւ 2017 թվականի Հայաստանի տասը լավագույն մարզիկների ընտրության նոր կարգի մասին: Նրա կարծիքով, կանոնակարգը որոշ փոփոխությունների կարիք ունի: Յուրաքանչյուր մարզիկ պետք է իր արժանի տեղն ունենա գրանցած արդյունքներով:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան շարունակելու է կանոնավոր աշխատանքը՝ ձգտելով նոր հաղթանակների: