Հունվարի 15-ից 21-ը Մոսկվայում կանցկացվի գեղասահքի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայացնեն Սլավիկ Հայրապետյանը եւ Թինա Կարապետյան /Սիմոն Պրու Սենեկալ պարային երկյակը: Անաստասիա Գալուստյանի մասնակցությունը հարցականի տակ է:
Այս մասին ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը: Նա ասաց նաեւ, որ Թինայի եւ Սիմոնի՝ Փհենչհանի օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունը դեռ պահպանվում է: Իսրայելը ներկայացնող պարային զույգը, որն օլիմպիական վարկանիշ էր նվաճել, մինչեւ այժմ մասնակցության հայտ չի ներկայացրել: Վերջնականապես ամեն ինչ պարզ կդառնա, երբ ՄՕԿ-ը հրապարակի Չմշկորդների միջազգային միության (ISU) կողմից ներկայացված Օլիմպիական խաղերի մասնակիցների ցուցակը:
«Օրերս Սլավիկ Հայրապետյանն ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու-Դաբիում մասնակցեց FBMA Trophy միջազգային մրցաշարին, որտեղ ընդամենը երկու գեղասահորդ հանդես եկավ: Սլավիկն իր ծրագիրը լավ կատարեց՝ կարճ եւ կամավոր ծրագրերի ընդհանուր հաշվարկով վաստակելով 208.63 միավոր: Նա գերազանցեց Իռլանդիան ներկայացնող իր միակ մրցակցին: Մրցակցային պայքար, որպես այդպիսին, չստացվեց, բայց մեր մարզիկի համար Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ կարեւոր էր զգալ սառույցը պաշտոնական իրավիճակում:
Սլավիկը վերադարձել է Երեւան եւ իր հոր, մարզիչ Սամվել Հայրապետյանի գլխավորությամբ շարունակում է պատրաստվել Մոսկվայի մրցելույթներին: Նրա հետ միասին Իրինա Ռոդնինայի անվան մարզադպրոցում տարվա առաջին կարեւոր մեկնարկից առաջ մարզվում է նաեւ Իգոր Ռեզնիչենկոն (Լեհաստան): Նրա հետ աշխատում է մեր հայրենակից, ISU- ի տեխնիկական մասնագետ Սարգիս Թեւանյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականի մյուս անդամներին, Թինան եւ Սիմոնը հիմա մարզվում են Կանադայում, որտեղից անմիջապես մրցավայր կմեկնեն: Անաստասիա Գալուստյանը ոտքի վնասվածքից դեռ չի վերականգնվել: Նա շարունակում է բուժում ստանալ, հուսամ՝ մինչեւ Եվրոպայի առաջնությունը կվերականգնվի: Մոսկվայում կհավաքվենք հունվարի 14-ին»,-եզրափակեց Մելանյա Ստեփանյանը: