Դահուկավազքի Հայաստանի հավաքականը վերադարձել է Ֆինլանդիայից, որտեղ գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք էր անցկացնում եւ մասնակցում մրցաշարերի:
«Ֆինլանդիայում մենք 1.5 ամիս անցկացրինք: Հավաքականի կազմում էին բոլոր առաջատար մարզիկները՝ Սերգեյ եւ Միքայել Միքայելյանները, Մարիամ Միքայելյանը, Թադեւոս Պողոսյանը եւ Կատյա Գալստյանը: Ցավոք, Սերգեյը ծնկի վնասվածք ստացավ եւ ստիպված վերադարձավ Հայաստան, որտեղ հիմա բուժում է անցնում: Այս հանգամանքը մեզ շատ վշտացրեց, բայց ոչինչ չես անի: Հուսամ, նրա հետ ամեն ինչ կկարգավորվի եւ նա բնականոն հունին կվերադառնա »,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Արթուր Միքայելյանը:
Մարզիչն ասաց, որ իր սաները հաջող հանդես եկան Ֆինլանդիայի չորս քաղաքներում անցկացված դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի (FIS) վարկանիշային մրցաշարերում: Միքայելն ու Թադեւոսը տեղ զբաղեցրին 10-ից 30-րդ հորիզոնականների միջակայքում: Սերգեյի կրտսեր եղբայրը կարողացավ երկու անգամ զբաղեցնել երրորդ հորիզոնականը երիտասարդների ստուգատեսում (մինչեւ 20 տարեկաններ): Մարիամ Միքայելյանը վատառողջ լինելու պատճառով համարյա չմասնակցեց, իսկ Կատյան նկատելիորեն բարելավեց արդյունքները:
«Փհենչհանի օլիմպիական խաղերին մասնակցելու համար FIS-ի վարկանիշային աղյուսակում պետք է ունենալ 100 եւ պակաս միավոր: Այս պահի դրությամբ Սերգեյն ունի 55 միավոր եւ արդեն վաղուց ապահովել է օլիմպիական ուղեգիրը: Նույնը կարելի է ասել նաեւ Միքայելի մասին, որը վաստակել է 91 միավոր: Բաղձալի թվին մոտ է նաեւ Թադեւոսը (105): Կատյա Գալստյանն ունի 150 միավոր եւ կարող է«սպիտակ քարտի» հույս ունենալ:
Հունվարի 20-ին FIS-ը կհրապարակի 2018 թվականի օլիմպիական խաղերի մասնակիցների անունները: Ամեն դեպքում վերջին խոսքի իրավունքը մեր ֆեդերացիայինն է, որը ամեն հարցում աջակցություն է ցուցաբերում»,-հայտնեց Արթուր Միքայելյանը: