Հրաչյա Պողոսյան. Տարվա արդյունքները գոհացնում են

10:56 - 22 Դեկ, 2017

2017 թվականին բադմինտոնում Հայաստանի գրանցած արդյունքները գոհացնում են ֆեդերացիայի գործադիր տնօրեն, մարզիչ Հրաչյա Պողոսյանին: Հայ բադմինտոնիստները մասնակցել են մի քանի միջազգային մրցաշարերի եւ կարողացել են մեդալ նվաճել: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հրաչյա Պողոսյանն ամփոփեց ընթացիկ տարին:

«Իսրայելի միջազգային մրցաշարում արծաթե ու բրոնզե մեդալ ունեցանք աղջիկների զուգախաղից եւ խառը զուգախաղից: Այս տարի Ինդոնեզիայում մասնակցել ենք նաեւ պատանիների աշխարհի առաջնությանը: Մինչ այդ մրցավայրում ուսումնամարզական հավաք ենք ունեցել, որտեղ երեխաները շատ բան են սովորել տեղի պրոֆեսիոնալ մարզիչներից:

Միջազգային մրցաշարերի մասնակցելով՝ պատանիներին աստիճանաբար աճեցնում ենք: Նրանց մեջ հեռանկար ունեցող երեխաներ կան:

Մեզ համար շատ ուրախալի են Լիլիթ Պողոսյանի հաջողությունները: Նա այժմ մարզվում եւ խաղում է Դանիայում: Լիլիթը բադմինտոնի Եվրոպայի կոնֆեդերացիայի «Centre of Excellence» ծրագրի անդամ է: Նա նաեւ պայմանագիր ունի դանիական ակումբի հետ եւ բավականին հաջող է հանդես գալիս»,- ասաց Հրաչյա Պողոսյանը:

 

Լուսանկարը՝ Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիայի

Այլ նորություններ