Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը դեկտեմբերի 15-ին եւ 16-ին Պորտուգալիայում կմասնակցի հերթական վարկանիշային մրցաշարին: Ստեփանյանը հանդես կգա սկրեչ մրցաձեւում: Հեծանվորդի անձնական մարզիչ Արմեն Գյոզալյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց, որ հայտ են ներկայացրել նաեւ 4 կմ հետապնդումով վազք մրցաձեւում: Սակայն տեղում՝ ըստ գրաֆիկի կհասկանան մասնակցել, թե՝ ոչ.
«Ճիշտ է՝ մրցաշրջանի վերջն է, բայց Էդգարը լավ մարզավիճակում է: Կարեւորն այն է, որ շատ լավ է տրամադրված, ինչպես միշտ՝ մարտական: Նա կփորձի կարեւոր միավորներ վաստակել»,- ասաց Արմեն Գյոզալյանը:
Հայ հեծանվորդը պայքարում է հաջորդ տարի Նիդերլանդներում կայանալիք աշխարհի առաջնությունում հանդես գալու համար: ԱԱ-ին կկարողանան մասնակցել լավագույն 24 հեծանվորդները: Այժմ Էդգար Ստեփանյանը վարկանիշային աղյուսակում 21-րդն է: