Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի խոսքով՝ աշխարհի առաջնությունում մարմնամարզիկների գրանցած արդյունքը հույս է ներշնչում Օլիմպիական խաղերից առաջ:
«Պետք է նշեմ, որ սպորտային մարմնամարզությունը հաստատուն քայլերով մտնում է հայկական սպորտի առաջին եռյակ, այնտեղից դուրս թողնելով այնպիսի մարզաձևերի, ինչպիսին ձյուդոն և բռնցքամարտն են: Այս պահի դրությամբ մենք ունենք ըմբշմարտ, ծանրամարտ և արդեն կարող եմ ասել` մարմնամարզություն: Ինչպես գիտեք, նախարարությունից ֆեդերացիային տրամադրվող գումարները շատ չնչին են և թիմը չի կարողանում լիովին ուսումնամարզական հավաքներ անցկացնել: Ուստի ամեն անգամ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ աջակցում է հավաքական թիմին: Երբ ինչ որ կերպ օգնելուց հետո տեսնում ես արդյունքը, սկսում ես կրկնակի ուրախանալ: Նախաօլիմպիական տարում գրանցած նման արդյունքը հույս է ներշնչում Օլիմպիական խաղերից առաջ: ՀԱՕԿ-ը շարունակելու է իր աջակցությունը ցույց տալ բոլոր այն մարզաձևերին, որոնք բարձր են պահում երկրի մարզական հեղինակությունը»,-ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Մարզիկներին դիմավորելու էին եկել ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանը, մարզիկներ և հարազատներ: