Դահուկավազքի Հայաստանի հավաքականն այս օրերին Ֆինլանդիայում է: Հայ դահուկորդներն ուսումնամարզական հավաքներ են անցկացնում, մասնակցում միջազգային մրցումների: Նրանք պայքարում են ձմեռային օլիմպիական ուղեգրերի համար:
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրուցում նշեց, որ մեր դահուկորդները բավականին հաջող հանդես են եկել Սարիսելկա եւ Ռուկա (Ֆինլանդիա) քաղաքներում կայացած վարկանիշային մրցաշարերում.
«Մեր դահուկորդների մոտ բավականին առաջընթաց կա: Նախորդ տարի Ռուկայում Միքայել Միքայելյանը վաստակել էր մոտ 120 միավոր, իսկ այս տարի՝ 84-85: Մրցումից մրցում նա մեծ աճ է գրանցում: Նույնը կարող եմ ասել Թադեւոս Պողոսյանի մասին: Շատ ուրախալի է նաեւ Կատյա Գալստյանի արդյունքը: Նա իրեն լավ է դրսեւորում, մեկ մեկնարկ ունեցել է 135 միավորով: Մարիամ Միքայելյանը չի մասնակցել մրցաշարերին՝ հարբուխի պատճառով: Այս դահուկորդները եւս մեկ մեկնարկ կունենան դեկտեմբերի 10-ին»,- ասաց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:
Գագիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ հայ լեռնադահուկորդները նույնպես պայքարում են օլիմպիական ուղեգրերի համար: Հարություն Հարությունյանն ու Վազգեն Առաքելյանը վարկանիշային մրցաշարերի են Ավստրիայում եւ Իտալիայում:
Օլիմպիական ուղեգրին մոտ է մեր առաջատար դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը: Ուղեգիր նվաճելու համար նա պետք է լինի դասակարգման աղյուսակի 300 լավագույնների շարքում: Այդ դեպքում, մեր երկիրը օլիմպիական խաղերում կկարողանա ունենալ եւս մեկ դահուկավազորդ, որի միավորները կլինեն 100-ից ցածր: