Բասկետբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ալբանիայի եւ Դանիայի հետ խաղերից առաջ Հայաստանի հավաքականի ավագ Ամիրան Ամիրխանովը պատասխանեց լրագրողների հարցերին.
«Մեզ միացել են ութ երիտասարդ խաղացողներ, որոնք ցանկանում են իրենց լավագույնս դրսեւորել: Այս պահին լավ մարզումներ ենք անցկացնում: Ե´վ ֆիզիկապես, ե´ւ հոգեպես լավ վիճակում ենք: Կարծում եմ՝ բոլոր հնարավորությունները կան Ալբանիային հաղթելու համար:
Այո, կազմի հետ խնդիրներ ունենք: Բայց այս կորուստները մեզ ավելի ուժեղ կդարձնեն: Խաղին դրական ենք տրամադրված, միայն հաղթանակ, այլ տարբերակ չի կարող լինել»,- ասաց Ամիրխանովը:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանն էլ նշեց, որ Ռայան Բոաթրայթի բացակայությամբ, խաղարկողի դերում լինելու է Ամիրանը: Պողոսյանի կարծիքով՝ Ամիրխանովը պատրաստ է երկար խաղաժամանակ ստանալ եւ արդյունավետ փոխարինել նախկին խաղընկերոջը: