«2017 թվականը կամփոփենք ավելի ուշ՝ ֆեդերացիայի համաժողովում: Ինչ վերաբերում է Հայաստանի առաջնությանը, ասեմ, որ բռնցքամարտիկների մարզավիճակը տպավորիչ չէ»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի բնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը:
«Հանրապետության առաջնությանը մասնակցեց մոտ 100 բռնցքամարտիկ, դա վատ ցուցանիշ է: Սկզբում մենամարտերի մակարդակը շատ ցածր էր, բայց եզրափակչին մոտ, իրավիճակը լավացավ»,-նշեց ֆեդերացիայի նախագահը:
Արթուր Գեւորգյանի խոսքով, մի քանի առաջատար բռնցքամարտիկներ, օրինակ Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը եւ Նարեկ Մանասյանը, որը վիրահատվել է, հանգստանում են:
Հաջորդ տարի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ չեն անցկացվի, սակայն հանրապետության առաջնության արդյունքներով լավագույն մարզիկները հավաքականի կազմում հնարավորություն կստանան ուժերը փորձել հավաքների ժամանակ եւ միջազգային մրցաշարերում:
«Մեր նպատակն է՝ բարձրացնել մարզչական աշխատանքի մակարդակը: Դրա համար ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ նոր ռազմավարություն ենք մշակել: Ֆեդերացիան հավաքականի կազմ ընդունում է արդեն ձեւավորված բնռցքամարտիկներին: Այժմ մենք, մարզադպրոցներում աշխատելու համար մարզիչներ կերաշխավորենք: Մասնագետները պետք է քննություն հանձնեն եւ ֆեդերացիայից որակավորման լիցենզիա ստանան, ինչն իրավունք կտա նրանց պատրաստելու մարզիկներ հավաքականի եւ հանրապետության առաջնության համար: Ովքեր չեն համապատասխանի ժամանակակից պահանջներին, կփոխարինվեն: Նախարարությունը հաշվի կառնի մեր առաջարկները»,- ասաց Արթուր Գեւորգյանը: