Նոյեմբերի 2-ից 5-ը Կիպրոսի Լարնակա քաղաքում կանցկացվի Եվրոպայի երիտասարդական (Մ 17) առաջնությունը: Ավագ մարզիչ Զորայր Մեկինյանի գլխավորությամբ մայրցամաքի առաջնությունում հանդես կգան Լեւոն Գասպարյանը (48 կգ), Բաբկեն Սարգսյանը (51 կգ), Սուրեն Այդինյանը (55 կգ), Ռոման Հայրապետովը (59 կգ), Ալբերտ Հովհաննիսյանը (63 կգ), Անդրանիկ Խաչատրյանը (68 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (73 կգ):
Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի հոկտեմբերի 30-ին: Մինչեւ Եվրոպայի առաջնությունը մեր թաեքվոնդոյիստները կենտրոնացված մարզումներ են անցկացնում «Դինամոյում»: Մասնագետների կարծիքով, հայաստանցի մարզիկներն ընդունակ են պայքարելու մեդալների համար գրեթե բոլոր քաշային կարգերում:
Մայրցամաքի առաջնության մեկնարկից առաջ «Դինամո» ՄՀԿ-ում կայացավ թաեքվոնդոյի «Արմար» ակումբի բաց առաջնությունը, որին մասնակցեց 8-ից 18 տարեկան մոտ 180 մարզիկ Երեւանից, հանրապետության մարզերից եւ Արցախից:
«Պաշտոնական միջազգային մրցաշարեր անցկացվում են 13 եւ բարձր տարիքային խմբի մարզիկների համար, այդ պատճառով կազմակերպում ենք ակումբային մակարդակի մրցաշարեր պատանի մարզիկների համար: Նրանց համար, փաստորեն, սա Հայաստանի ոչ պաշտոնական առաջնություն է, իսկ ավագ տարիքի թաեքվոնդոյիստները լրացուցիչ մրցաշարային փորձ են ձեռք բերում»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը: