Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության Ա լիգայի մեկնարկային «Ուրարտու» - ՖԻՄԱ (88-66) խաղից հետո թիմերի մարզիչները պատասխանել են լրագրողների հարցերին։
«Ուրարտու». մարզիչ՝ Սարգիս Ստեփանյան.
«Բավականին ծանր խաղ էր։ Մենք դեռեւս հեռու ենք լավ մարզավիճակից։ Արդյունքից գոհ եմ, իսկ խաղից՝ ոչ այնքան։ Թիմը չկարողացավ իր լավագույն խաղը ցույց տալ։ Երեւի թե մեր հնարավորությունների 50 տոկոսն էլ չօգտագործեցինք։ Կարծում եմ՝ շատ հետաքրքիր առաջնություն է սպասվում։ Մեր թիմի գլխավոր նպատակը, իհարկե, չեմպիոնությունն է»։
ՖԻՄԱ. մարզիչ՝ Դրաստամատ Մուրադյան.
«Առաջնության մեկնարկային խաղն է, գուցե լարվածություն կար։ Շատ երիտասարդ թիմ ունենք, նկատեցի սխալները։ Պաշտպանությունում եւ հարձակման գծում թերություններ կային, պետք է շտկել։ Հաշվի տարբերությունը 20 միավոր է, բայց չեմ կարծում, որ լավ չխաղացինք։ Մեր թիմի նպատակն է` տեղ գտնել մրցանակային եռյակում։ Գիտեմ, որ ուժեղ թիմեր են մասնակցում առաջնությանը։ Այնպես որ, հանդիպումներն անցնելու են դիտարժան պայքարում»։
Լուսանկարում՝ «Ուրարտուի» մարզիչ Սարգիս Ստեփանյանը