ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունեց վոլեյբոլի Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բորիչիչին:
Հրաչյա Ռոստոմյանը հյուրին հայտնեց, որ վոլեյբոլը մշտապես Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ուշադրության կենտրոնում է: Կողմերը քննարկեցին Հայաստանում վոլեյբոլի զարգացման վերաբերյալ հարցեր.
«Չնայած Հայաստանում առավել զարգացած են մենապայքարային մարզաձեւերը, պակաս մասսայականություն չեն վայելում նաեւ խաղային մարզաձեւերը: Հուսով եմ՝ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նոր նախագահ Հրաչյա Մուրադյանի արհեստավարժ աշխատանքի շնորհիվ կհասնենք այնպիսի մակարդակի, որ հնարավոր կլինի անցկացնել վոյելբոլի ներքին առաջնություն»,- ասաց ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը:
Ալեքսանդր Բորիչիչը Հրաչյա Ռոստոմյանին տեղեկացրեց եվրոպական կոնֆեդերացիայի՝ հանրակրթական դպրոցներում վոլեյբոլի զարգացմանը միտված ծրագրի մասին, որը մեծապես կնպաստի մարզաձեւի մասսայականացմանը:
Հանդիպմանը ներկա էին Հայաստանի վոլեյբորի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Մուրդյանը եւ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը: