Ինչպես է սկսել ըմբիշի կարիերան, որոնք են նրա ուժեղ ու թույլ կողմերը, ում է նվիրել չեմպիոնական հաղթանակը եւ վերջապես ինչն է կարեւորում կնոջ մեջ …. Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների հարցերի կիզակետում այսօր ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանն էր:
«Հայի հաղթության ճանապարհով» ծրագրի շրջանակներում աշխարհի չեմպիոնը հյուրընկալվեց ուսանողներին ու պատասխանեց նրանց հարցերին:
. Դեռ մանկուց ոչ ոք ինձ չէր կարողանում հաղթեր «գյուլաշ» ասվածի ժամանակ: Սկզբից եղբայրս ընդունվեց ըմբշամարտի մարզադպրոց: Մի քանի օր հետո ես գնացի, հաղթեցի բոլորին ու հասկացա, որ ըմբշամարտն իմն է: Այդ ժամանակվանից միշտ ցանկացել եմ զբաղվել ըմբշամարտով ու դառնալ աշխարհի չեմպիոն:
. Այլ մասնագիտությունների մասին չեմ մտածել: Կարծում եմ՝ եթե ուրիշ մարզաձեւով էլ զբաղվեի՝ արդյունքի կհասնեի:
. Արագությունն իմ առավելությունն է եւ ամենաուժեղ կողմը:
. Մարդու կարեւորագույն արժեքը մարդ մնալն է:
. Ոչ մի մարզիկի համար պարտությունը հեշտ ընդունելի չէ: Եղել են պահեր, երբ պարտությունից հետո մտածել եմ, որ այլեւս չեմ շարունակելու: Սթափվելուց հետո հասկացել եմ, որ չշարունակել պարզապես չեմ կարող: Առանց պարտության հաղթանակներ չեն լինում:
. Աշխարհի առաջնությունում հաղթանակս նվիրել եմ հայրիկիս:
. Ըմբշամարտն իմ ապրելակերպն է:
. Կնոջ մեջ կարեւորում եմ պարզությունը, ճշմարտախոսությունը….
. Աշխատում եմ կյանքում բացասականը չնկատել: Առանց այն էլ դրանք շատ են:
. Աշխարհի չեմպիոն դառնալուց հետո ինչ-որ տխրություն կար: Չէի պատկերացնում, որ հեշտությամբ հաղթեցի: Հետո սթափվեցի, հասկացա՝ ինչ բարդ ճանապարհ եմ անցել՝ այդ կոչմանը հասնելու համար: Չեմպիոնության մասին երազել եմ 15-20 տարի: