Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի խոսքով՝ մարմնամարզիկ Հուռի Գեբեշյանի գրանցած արդյունքը 99 տոկոսով հնարավորություն կտա մասնակցելու Ռիոյի Օլիմպիական խաղերին:
«Հուռին բոլորիս շատ ուրախացրեց, քանի որ բազմամարտում հավաքեց 51, 965 միավոր: Եթե Հուռի Գեբեշյանը, «Թեստ իվենթ»-ի ժամամանակ , որը կայանալու է ապրիլին (Ռիո դե Ժանեյրո), կրկնի այս արդյունքը, ապա մենք կունենանք պատմության մեջ առաջին կին մարմնամարզիկը, ով կներկայացնի Հայաստանը Օլիմպիական խաղերում։ Ինչ վերաբերում է տղաներին և մասնավորապես Արթուրին, ամեն ինչ լավ է, հույս ունենք այսօր էլ ուրախանանք մեր մարզիկների հաջողությամբ»,- ՀԱՕԿ լրատվականի լրագրողի հետ զրույցում ասաց Սերոբյանը:
Հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 1-ը Շոտլանդիայի Գլազգո քաղաքում անցկացվում է մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է 2016 թվականի Օլիմպիական խաղերի համար: Հայաստանը ներկայացնում են Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը և Հուռի Գեբեշյանը: Հայաստանի հավաքականը Գլազգո է մեկնել հոկտեմբերի 17-ին:
ՀԱՕԿ լրատվության բաժին