Աշխարհի առաջնությունում կարևորը վարկանիշ ձեռք բերելն է. Հռիփսիմե Խուրշուդյան

11:54 - 23 Հոկ, 2015

Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանի համար ծանրամարտի աշխարհի առաջնությունում կարևորն Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերելն է:

«Մինչև վերջ դեռևս չեմ վերականգնվել, քանի որ միայն մեկ տարի և 5 ամիս է ինչ մարզվում եմ: Ինքս ինձ խոստացել եմ, որ ինչ մրցաշարի էլ մասնակցեմ, ինչպիսի արդյունք էլ գրանցեմ, հաջորդ մրցաշարում սկսեմ հենց այդ արդյունքից: Բնականաբար, աշխարհի առաջնությանը պետք է շատ լավ ներկայանամ, մարզավիճակս էլ լավ է: Աշխարհի այս առաջնությունը վարկանիշային է և ես մեծ ցանկություն ունեմ լավ արդյուք գրանցել: Մեդալներ չեմ խոստանում, բայց վարկանիշի համար կպայքարենք: Աշխարհի առաջնությունում կարևորը վարկանիշ ձեռք բերելն է»,-ՀԱՕԿ լրատվականի լրագրողի հետ զրույցում ասաց Խուրշուդյանը:

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը Աբովյանի մարզաբազայում նախապատրաստվում է աշխարհի վարկանիշային առաջնությանը: Աբովյանում ընթացող ուսումնամարզական հավաքը, որն անց է կացվում հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի և Արման Ղազարյանի (Հռիփսիմե Խուրշուդյանի անձնական մարզիչ) գլխավորությամբ, կավարտվի հոկտեմբերի 25-ին: Հոկտեմբերի 29-ին հավաքականը կմեկնի Կազան՝ հերթական ուսումնամարզական հավաքի: Իսկ արդեն նոյեմբերի 16-ին թիմը կմեկնի Հյուսթոն՝ աշխարհի առաջնության: Հայաստանն այդ առաջնությանը  կներկայացնեն Աննա Գովելյանը (53 կգ), Իզաբելլա Յայլյանը (58 կգ), Նազիկ Ավդալյանը (69 կգ), Սոնա Պողոսյանը (75 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (75+ կգ): Աշխարհի առաջնությունը մեկնարկում է նոյեմբերի 20-ին և կեզրափակվի նոյեմբերի 28-ին:

 

Այլ նորություններ