Սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Երեւան վերադարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը, որը Լիտվայի Կլայպեդա քաղաքում մասնակցել էր բանակայինների աշխարհի առաջնությանը:
Առաջնությունում մեր ըմբիշները նվաճեցին չորս մեդալ՝ մեկ ոսկե (Կարեն Ասլանյան՝ 66 կգ), երկու արծաթե (Արմեն Հակոբյան՝ 71 կգ, Էդգար Խաչատրյան՝ 130 կգ) եւ մեկ բրոնզե (Ռաֆիկ Մանուկյան՝ 80 կգ): «Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում թիմի մարզիչ Արմեն Բաբալարյանն ասաց, որ արդյունքները կարող էին ավելի բարձր լինել.
«Ընդհանուր առմամբ սպասումներն արդարացան, բայց ինչ-որ տեղ հաջողությունը երես թեքեց մեզնից: Օրինակ, Ռաֆիկ Մանուկյանը (80 կգ) պետք է եզրափակիչ անցներ եւ հաղթեր: Մրցաշարը շատ ուժեղ կազմ էր հավաքել, մասնակիցների թվում օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների չեմպիոններ եւ մրցանակակիրներ էին: Մեր թիմում կնշեմ նաեւ այն տղաներին, որոնք չկարողացան մրցանակային տեղ զբաղեցնել: Պետք է աշխատել: Շնորհակալություն հայկական բանակին, որ հնարավորություն է տալիս մարզիկներին շարունակել մարզվել եւ պահպանել մարզավիճակ»: