Սեպտեմբերի 17-ին ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ մարզահամալիրում (նախկին «Միկա» մարզադահլիճ) երկրորդ անգամ կկայանա ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոնը՝ նվիրված Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:
Միջոցառումն անցկացվում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի եւ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ:
Փառատոնին մասնակցելու համար Ճապոնիայից Երեւան են ժամանել կարատեի վարպետ Մասարու Կուսանոն եւ ձյուդոյի մասնագետներ Յուշիհարու Մակիշին եւ Հիրոշի Իզումին, որոնք հայ մասնագետների համար ճապոնական մարտարվեստների սեմինարներ են անցկացնելու Օլիմպավանում, իսկ փառատոնի ժամանակ հանդես են գալու ցուցադրական ելույթներով:
Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էիջի Տագուչին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ շնորհակալություն հայտնեց փառատոնի կազմակերպիչներին, վստահություն հայտնելով, որ նմանատիպ միջոցառումներն օգնում են հինավուրց ավանդույթներ, հարուստ մշակույթ եւ պատմություն ունեցող երկու ժողովուրդներին ավելի լավ ճանաչել միմյանց: Դեսպանը հույս հայտնեց, որ «Բուդո» փառատոնը Հայաստանում կանցկացվի նաեւ առաջիկա տարիներին, առնվազն մինչեւ 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղեր:
Պարոն Տագուչին նշեց, որ բոլոր ծախսերը, կապված ճապոնացի մասնագետների Հայաստան այցի հետ, իր վրա է վերցրել ՀԱՕԿ-ը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը ներկա հայ մարզիչները երախտագիտություն հայտնեցին ճապոնացի մասնագետներին ոչ միայն սեմինարներ անցկացնելու, այլեւ բազմաթիվ հարցերին համբերատար պատասխանելու եւ դրանք գործնականում ցույց տալու համար: