Ուսումնամարզական – նախապատրաստական երկրորդ հավաքը Օլիմպավանում երեկ ավարտեց Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը:
Ավագ մարզիչ, բազմափորձ Վազգեն Բադալյանը իր թիմի հետ նախ մարզումներ անցկացրեց Ծաղկաձորում, նպատակով, որ նոսր թթվածնային պայմաններում տղաները բարելավեն դիմացկունությունը և ընդհանուր ֆիզպատրաստականությունը: Հաջորդեցին երևանյան պարապմունքները, որոնց շնորհիվ հղկեցին տեխնիկատակտիկական որակները:
Վազգեն Բադալյանը չի դժգոհում սաների մարզավիճակից: Նա նաև հույս ունի, որ երիտասարդական թիմը համալրած պատանի նորեկները, փորձնական – ստուգողական մենամարտերով կարողացան հաղթահարել անցումային ընկճվածությունը, հարմարվել երիտասարդական թիմին ու իրենցից ավելի փորձառու տղաների հետ մրցել:
Առաջիկա գիշեր Խորվաթիայի Պորեչ քաղաք՝ Եվրոպայի երիտասարդական առաջնություն կմեկնեն մեր պատվիրակները: Ներկայացնենք նրանց. Լևոն Վարդանյան (48 կգ), Դավիթ Սաֆարյան (51 կգ), Արթուր Ավետիքյան (54 կգ), Էրիկ Առստամյան (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյան (60 կգ), Ռաֆայել Ներսիսյան (63,5 կգ), Արգիշտի Հակոբյան (67 կգ), Մարատ Միքայելյան (71 կգ), Ալբերտ Հարությունյան (75 կգ), Արմեն Պողոսյան (80 կգ), Նորայր Հակոբյան (86 կգ), Դավիթ Սիմոնյան (92 կգ), Միսակ Ստեփանյան (+92 կգ) և աղջիկներ՝ Հեղինե Պետրոսյան (48 կգ), Լյուսի Ավետիսյան (54 կգ) և Լիլիթ Ասատրյան (60 կգ)։
Ստուգատեսը կավարտվի ապրիլի 15 –ին: