Գյումրիում անցկացված աթլետիկայի «Էմմիյանի գավաթի» խաղարկությունն այս տարի համընկավ 1987 թվականին Ծաղկաձորում Ռոբերտ Էմմիյանի սահմանած հեռացատկի 8 մ 86 սմ Եվրոպայի ռեկորդի 30-ամյակին, որն այսօր էլ գերազանցված չէ:
Մրցաշարից հետո Ռոբերտ Էմմիյանը ՀԱՕԿ լրատվականին ասաց.
«Այս մի քանի օրերն ինձ համար շատ կարեւոր են: Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայում գործընկերներս ինձ կրկին ընտրեցին նախագահ: Շատ շնորհակալ եմ վստահության համար: Շնորհակալ եմ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին, փոխնախարար Գաբրիել Ղազարյանին, երկրի ղեկավարներին, որ ըստ ամենայնի աջակցում են մեր «թագուհի» մարզաձեւին:
Հայաստանում աթլետիկական ծածկույթի խնդիր կա: Հայաստանը, թերեւս, աշխարհի միակ երկիրն է, որ տաղանդավոր մարզիկներ, բանիմաց մարզիչներ ունի, սակայն մարզաձեւով լրջորեն զբաղվելու պայմաններ չկան: Ես մի մեծ երազանք ունեմ՝ Երեւանում միջազգային չափորոշիչներին համապատասխանող աթլետիկական ծածկույթով ստադիոն ունենալու երազանքը, որը շատ թանկ հաճույք է: Խնդիրը ներկայացրել եմ Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի ղեկավարությանը, անձամբ բազմիցս զրուցել դրա նախագահի հետ, Երեւան եմ հրավիրել մարզաձեւի միջազգային ու եվրոպական ֆեդերացիայի ղեկավար կազմերին:
Աթլետիկական ամբողջական ծածկույթը շատ թանկ արժե, բայց միջազգային ֆեդերացիան ինձ ճանաչելով եւ հարգելով, զգալի զեղչ էր արել՝ սահմանելով $ 380 հազար գին, ընդորում, դրանից $ 160 հազարն ինքն է տրամադրում: Բայց մնացած 220 հազարն էլ մեր երկրի համար խնդիր է: Բոլորովին վերջերս Լոնդոնում, որտեղ ընթանում էր աշխարհի առաջնությունը, ես կարողացա կրկին մեկտեղ հավաքել մեր մարզաձեւի համաշխարհային ու եվրոպական ֆեդերացիաների ղեկավարներին, իմ ընկերներին, ներկայացնել Հայաստանի քաղաքական եւ տնտեսական բարդ իրավիճակը: Եվ «Հերկուլան» հանրահայտ ընկերությունը, որի ղեկավարն ինձ լավ ճանաչում է, համաձայնեց ամբողջ աշխատանքը կատարել 170 հազար եվրոյով:
Այսպիսով, Հայաստանում միջազգային չափորոշիչներին համապատասխանող աթլետիկական ստադիոն ունենալու խնդիրը, կարելի է ասել, գրեթե ամբողջությամբ լուծված է: Ուզում եմ, որ այն Երեւանում լինի»: