Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց ՀՀ տղամարդկանց վոլեյբոլի առաջնության եզրափակիչ փուլը: Հինգ թիմերի պայքարի ավարտից հետո մրցանակային եռյակը դասավորվեց հետևյալ հաջորդականությամբ. ՖԻՄԱ, ԲԿՄԱ, ԽՄՕՄՄ:
Վաստակաշատ մասնագետ, բազմափորձ Ռազմիկ Սուլթանյանը զրույցի ժամանակ ասաց, որ լավագույն եռյակի հերթականությունը տրամաբանական է: Չեմպիոնի կոչումը նվաճած ֆիզկուլտուրային մայր բուհի ուսանողների հաջողությունը պատահական չէ: Այդ գործում մեծ է ավագ մարզիչ Գրիշա Ամբարյանի նպատակային աշխատանքը:
Հաջորդ մրցաշրջանում հնարավոր է մեկական թիմով ավելանա տղամարդկանց և կանանց ՀՀ առաջնության մասնակիցների քանակը:
Ամանորի տոներից հետո մարզիկները Ծաղկաձորում իրենց ունակությունները կդրսևորեն << Վոլեյբոլ ձյան վրա >> , իսկ ամռանը ՝ լողափնյա վոլեյբոլի համապետական ստուգատեսներում: Ինչ վերաբերում է դասական վոլեյբոլին, ասենք, որ ավանդույթի համաձայն այն կսկսվի գարնանը և բազմափուլ մրցաշարի վերջակետը կդրվի տարեմուտի նախօրերին:
Հիշեցնենք, որ կանանց ՀՀ առաջնությունը ավարտվեց նոյեմբերին: Երկրի չեմպիոնի կոչմանն արժանացան ԽՄՕՄՄ - ի մարզուհիները: Երկրորդ և երրորդ տեղերը գրավեցին համապատասխանաբար << Վանը >> և << Արցախը >> :