Այսօր Հայաստանի ծանրորդները Թայբեյում կայացած 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերից վերադարձան հայրենիք:
Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) եւ Գոռ Մինասյանը (+105 կգ) ոսկե մեդալ են նվաճել, իսկ Անդրանիկ Կարապետյանը (85 կգ) դարձել է արծաթե մեդալակիր: «Զվարթնոց» օդանավակայանում մարզիկները զրուցեցին ՀԱՕԿ լրատավականի հետ:
Սիմոն Մարտիրոսյան. «Ես այնքան էլ լավ հանդես չեկա: Չկարողացա բարձրացնել այն կիլոգրամները, որոնք ցանկանում էի: Երիտասարդների աշխարհի առաջնությունում համաշխարհային ռեկորդին ավելի մոտ էի, քան այստեղ: Բայց կարեւորն այն է, որ կարողացա հաղթել: Ունիվերսիադայում երեք հայ ծանրորդ մասնակցեց եւ բոլորն էլ մեդալներով վերադարձան: Դա չի կարող չուրախացնել: Մի՞թե կարելի է հոգնել հաղթանակներից»:
Գոռ Մինասյան. «Ցանկացած հաղթանակ ուրախացնում է, սա եւս բացառություն չէ: Ունիվեսիադան տարբերվում է ծանրամարտի սովորական մրցաշարերից եւ ինչ-որ տեղ Օլիմպիական խաղերն է հիշեցնում: Տպավորություններն, իհարկե տարբեր են, բայց ոսկին մնում է ոսկի: Իմ քաշային կարգի հիմնական մրցակիցները պատրասվում են աշխարհի առաջնությանը: Հենց այս մրցաշարի համար էլ ես պետք է լավագույն մարզավիճակ ձեռք բերեմ: Իսկ Թայբեյում ես բարձրացրի այնքան, որքան պետք է առաջին տեղի համար»:
Անդրանիկ Կարապետյան. «Ես ընդահանրապես մեդալի հույս չունեի, պարզապես ցանկանում էի լավ հանդես գալ: Թայբեյում հաջողվեց պոկում վարժությունում Ունիվերսիադայի ռեկորդ սահմանել: Ինձ լավ եմ զգում, վնասվածքը չի անհանգստացնում: Ժամանակն է՝ պատրաստվել աշխարհի առաջնությանը: Ներկայիս արդյունքները բավարար չեն լուրջ նվաճումների համար, բայց ես կաշխատեմ լավ նախապատրաստվել եւ արժանիորեն հանդես գալ: Եվրոպայի առաջնությունն ու Ունիվերսիադան օգնեցին վստահություն զգալ սեփական ուժերի հանդեպ»: