Նետաձգության Հայաստանի պատանեկան հավաքականի երկու անդամներ՝ Արման Բալդիյանը եւ Լեւոն Պողոսյանը պատրաստվում են հոկտեմբերի սկզբին Արգենտինայում կայանալիք աշխարհի պատանիների եւ երիտասարդների առաջնությանը, որը 2018 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշային մրցում է: Նրանք ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանի ղեկավարությամբ արդեն մեկ ամիս ուսումնամարզական հավաք են անցկացնում Մարտունիում գտնվող ԵԿՄ ճամբարում:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Բորիս Վասիլյանն ասաց.
«Այստեղ պայմանները շատ լավ են: Գրեթե մեկ ամիս էլ մնալու ենք: Արմանն ու Լեւոնը վերջին շրջանում բավականին լավ արդյունքներ են ցույց տալիս, ինչը Արգենտինայում բարձր տեղեր զբաղեցնելու հույսեր է ներշնչում:
Սեպտեմբերի սկզբին երկու թիմով մեկնելու ենք Բաթում՝ մասնակցելու միջազգային մրցաշարի, այնտեղից կգնանք Թբիլիսի, որտեղ նույնպես միջազգային մրցաշար է լինելու: Այնուհետեւ, կվերադառնանք ու այստեղ, ամենայն հավանականությամբ, Սեւանի ավազանում սեպտեմբերի 14-ին կտանք «Հայկի նետեր» ավանդական միջազգային մրցաշարի մեկնարկը, որին մասնակցելու հայտ ներկայացրել են Վրաստանից՝ Բաթումի եւ Թբիլիսիի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Յակուտիայի թիմեր:
Այս մրցումները մրցափորձի ձեռք բերման կարեւոր դերակատարություն կունենան մեր տղաների համար: Աշխարհի առաջնության նախապատրաստության վերջին փուլը կանցկացնենք Էջմիածնում: Մարզումները կկազմակերպենք գիշերվա ժամերին, որպեսզի Արգենտինայում տղաները հեշտ հարմարվեն ժամային մեծ տարբերությանը»: