«Հույս ունեմ, որ այսօրվա խաղին բոլորն էլ իրենց կարողությունները ցույց կտան»,- Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությանն ասել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը:
2019 թ. աշխարհի առաջնության նախընտրական փուլի Շվեդիա-Հայաստան հանդիպումից առաջ Բավցեւիչը խոսել է առաջիկա խաղի մասին․
«Հաղթանակի դեպքում մենք կերաշխավորենք մեր տեղը հաջորդ փուլում։ Դեռ ավելին, հաղթանակը թույլ կտա առաջին հորիզոնականում հայտնվելու շատ մեծ շանսեր ստանալ մեր ենթախմբում։
Արդեն նշել եմ, որ մեր խմբում բոլոր խաղերը չափազանց մեծ նշանակություն ունեն, քանի որ բավական հավասար խումբ է՝ անկանխատեսելի խաղերով։
Շվեդիայի հավաքականն արժանի է մեծ հարգանքի եւ ինձ համար ամենաուժեղ մրցակիցն է այս խմբում։ Շվեդներն արդեն 5-6 տարի է խաղում են նույն մարզչի՝ Վեդրան Բոսնիչի գլխավորությամբ: Շվեդիայի ներկայիս կազմը միջազգային խաղերի բավական մեծ փորձ ունի։ Նրանք թիմով շատ լավ են պաշտպանվում եւ հարձակվում, քանի որ վաղուց են խաղում միասին։ Իհարկե, Շվեդիան էլ ունի թույլ կողմեր,որոնցից մենք կփորձենք հնարավորինս արդյունավետ օգտվել առաջիկա խաղում։
Ուրախ եմ, որ առանց կադրային կորուստների ենք մոտենում խաղին։ Սա առաջին դեպքն է, երբ կորուստներ չունենք։ Երեւանում կայացած առաջին 2 խաղերին վնասվածք ուներ Ալբերտ Թադեւոսյանը, ապա Բոսնիայի խաղը վնասվածքի պատճառով բաց թողեց Ալան Հեսը։ Նախորդ տուրում էլ Չրաբաշը ոչ լրիվ ուժով խաղաց Սլովակիայի դեմ։ Հուլիսին կայացած ընկերական խաղերին էլ մենք մասնակցել ենք կորուստներով։
Հույս ունեմ, որ այս խաղին բոլորն էլ իրենց կարողությունները ցույց կտան։ Արդեն երեք օր է Շվեդիայում ենք եւ այս ընթացքում փորձել ենք թիմին վերականգնել։ Հուլիսի սկզբից տղաները հավաքականում են եւ արդեն մեծ ծանրաբեռնվածություն կա նրանց մոտ։ Սա նաեւ մեր հավաքականի առաջին միջազգային փորձն է։ Տղաներից շատերը նախկինում հանդես չէին եկել նման մակարդակում, իսկ այժմ 18 օրվա ընթացքում 6 կարեւոր խաղ ունեն»։
Շվեդիա-Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին: