Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն այսօր ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ գնահատեց բասկետբոլի Եվրոպայի «C» դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մինչեւ 16 տարեկան տղաների եւ աղջիկների մասնակցությունը, խոսեց Հայաստանում խաղային մարզաձեւերի զարգացման հնարավորության մասին.
«Հայկական բասկետբոլն այս տարի Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցեց հինգ թիմով: Դուք գիտեք, որ մինչեւ 18 տարեկան աղջիկները նաեւ արծաթե մեդալ նվաճեցին, իսկ երեկ մեր Մ 16 տղաներն ու աղջիկները դարձան չեմպիոն:
Այս ամենը ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք ընթանում: Եթե նայեք վերջին երեք տարիների պատմությունը, կտեսնեք, որ Եվրոպայի առաջնություններում մեր թիմերի եւ´ քանակն է ավելանում եւ´ մեդալների:
Մեզանում թյուր կարծիք կա, թե մենք ուժեղ ենք միայն մենապայքարային մարզաձեւերում, թե մեզ մոտ թիմային պայքարը չի ստացվում, չենք կարողանում համախմբվել: Այս խնդիրը, թե հնարավո՞ր է Հայաստանում խաղային մարզաձեւերը զարգացնել եւ ինչպե՞ս, քննարկել ենք ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Եվ սա ապացույց է, որ հնարավոր է: Դրա համար պետք են իրենց գործին քաջատեղյակ մասնագետներ, որոնք սրտացավ են, եւ որ ամենակարեւորն է, պետք է ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մարզիկի վրա: Դա հեշտ չէ: Մեր ֆեդերացիայի փորձից եմ ասում: Մենք մեծ ու դժվարին ճանապարհ անցանք: Այս երեք տարիների քրտնաջան աշխատանքը մեզ հնարավորություն տվեց նաեւ առաջին անգամ ազգային հավաքականի մակարդակով մասնակցել աշխարհի առաջնության խմբային փուլին, ինչը բասկետբոլում շատ բարդ է», - ասաց Հրաչյա Ռոստոմյանը: