Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնում մարմնամարզիկ Ժորա Սմբատյանին չէր հաջողվել հաղթահարել որակավորման փուլը: Ժորայի անձնական մարզիչ Հայկ Նազարյանն ավելի մեծ սպասելիքներ ուներ: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մարզիչը խոսեց Սմբատյանի մրցելույթների մասին.
«Հույս ունեի, որ Ժորան կկարողանար բազմամարտում, նաեւ օղակներում եզրափակիչ մտնել: Ցավոք նրան չհաջողվեց: Արդյունքից իհարկե գոհ չեմ: Մենք շատ լավ մարզումներ էինք անցկացրել, եւ նա պատրաստ էր: Սա Ժորայի առաջին մեծամասշտաբ միջազգային մրցաշարն էր: Գուցե նա հուզված ու լարված էր: Սմբատյանը խոստումնալից մարզիկ է, նրանից բարձր արդյունքներ ենք սպասում հետագայում»,- ասաց Հայկ Նազարյանը:
Նշենք, որ փառատոնում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գլխավոր մրցավար էր նժույգ թափեր վարժությունում: