Հունգարիայի Գյոռ քաղաքում ընթացող Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնում մարմնամարզիկ Անահիտ Ասադուրյանն առաջին անգամ հանդես եկավ Հայաստանի դրոշի ներքո:
Ասադուրյանն այժմ բնակվում է ԱՄՆ-ում: Այս փառատոնին նա մասնակցեց Հուռի Գեբեշյանի ղեկավարությամբ: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Գեբեշյանն ամփոփեց Անահիտի մրցելույթները.
«Սա Անահիտի համար առաջին միջազգային մրցաշարն էր: Նա Միացյալ Նահանգներում մասնակցել է մրցաշարերի, բայց դրանք միանգամայն այլ են: Անահիտը նորեկ է, շատ լարված եւ հուզված էր: Մրցավայր ժամանելուց հետո նա բարձր ջերմություն եւ սրտխառնոց ուներ: Այդ պատճառով էլ լավ հանդես չեկավ: Անահիտն իրեն նման չէր: Եթե գոնե երկու օր հետո լիներ մրցումը, ամեն ինչ այլ կլիներ: Պարզապես, մրցումային օրը նրա համար անհաջող էր: Վերջին մարզմանն Անահիտը վարժությունները շատ ճիշտ ու մաքուր էր կատարել:
Ամեն դեպքում, օլիմպիական փառատոնին մասնակցելը նրա համար մեծ փորձ էր: Նա աշխատասեր եւ խոստումնալից մարզիկ է: Համոզված եմ, որ հետագայում մեծ հաջողություններ կունենա եւ պատվով կներկայացնի Հայաստանը: Միացյալ Նահանգներ վերադառնալուց հետո մենք կշարունակենք միասին աշխատել»,- ասաց մարզիչը:
Գեբեշյանն ԱՄՆ-ում մարզչական գործունեություն է ծավալել: Նա համատեղում է մարզչի եւ բժշկի աշխատանքը.
«Մարզիկ եւ մարզիչ լինելու տարբերությունը հսկայական է: Ես ինձ ավելի հարմարավետ էի զգում որպես մարզիկ: Մարզչի դերն ինձ համար նորություն է: Բայց շատ ուրախ եմ, որ ինձ հնարավորություն է ընձեռնվել նոր սերնդի հետ ներկայացնել Հայաստանը: Մարմնամարզությունն իմ սրտում է, ես շատ եմ սիրում այս մարզաձեւը: Կուզեի հավերժ մարմնամարզիկ լինել: Բայց, կարծում եմ՝ ես արել եմ հնարավորը, ինչ կարող էի»,- նշեց Հուռի Գեբեշյանը: