ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռենե Ֆասելին:
Հրաչյա Ռոստոմյանը ողջունել է հյուրին և շնորհակալություն հայտնել Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի հետ սերտ համագործակցության համար.
«Խորհրդային տարիներին հոկեյն ամենասիրված մարզաձեւերից էր նաեւ հայերիս համար, բայց ԽՍՀՄ փլուզումից հետո ամեն ինչ փոխվեց: Սակայն, լինելով ամենադիտարժան մարզաձեւերից մեկն աշխարհում, հոկեյն աստիճանաբար վերականգնում է դիրքերը մեր երկրում: Հայաստանի հոկեյի ֆեդերացիան այդ ուղղությամբ մեծածավալ աշխատանք է կատարում»,-ասել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը:
Ռենե Ֆասելը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար.
«Որքան կարողացել եմ ճանաչել, հայ ժողովուրդը խելացի է եւ աշխատասեր: Սրանք կարեւոր որակներ են բարձրագույն սպորտում հաջողությունների հասնելու համար»,- նշել է Ռ. Ֆասելը: Նրա խոսքերով, հոկեյի մասսայականացմանը և զարգացմանը կարող է նպաստել մեր երկրում միջազգային մրցաշարերի կազմակերպումը:
Հրաչյա Ռոստոմյանը տեղեկացրել է, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ 2010 թվականի աշխարհի առաջնության «C» խմբի մրցաշարը կայացել է Երևանում, ինչը զարմացրել է հյուրին:
Հրաչյա Ռոստոմյանը տեղեկացրել է նաեւ, որ չնայած մեր երկրում խաղային մարզաձեւերը համեմատաբար դանդաղ են զարգանում, սպորտի պետական կառույցը եւ ՀԱՕԿ-ն անում են ամեն ինչ, այդ գործընթացն արագացնելու համար.
«Այդ քայլերից են նաև հանդիպումները մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաների ղեկավարների հետ, միջազգային փորձի ուսումնասիրումը և այդ փորձի կիրառումը մեր երկրում»,- ասել է նա: