Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը ոչ ամբողջական կազմով մասնակցում էր Ալի Ալիեւի հուշամրցաշարին: Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանը գոհ չէ ըմբիշների ելույթներից: Չորս մարզիկ եւ մեկ մեդալ: Միայն Գեւորգի Կետոեւին էր հաջողվել երրորդ տեղ զբաղեցնել.
«Իմ նպատակն աշխարհի առաջնությունից առաջ ըմբիշների հնարավորությունները տեսնելն էր: Տղաներից ամեն մեկն իր սխալներն ունի` ֆիզիկական, տեխնիկական: Նրանք պատրաստ չեն տարվա գլխավոր ստուգատեսին: Իսկ մենք աշխարհի առաջնություն միայն մասնակցության համար չենք մեկնելու:
Այսօր աշխարհի առաջնությունում սպասելիքներ ունենք այն ըմբիշներից, որոնք միջազգային մրցաշարերում կամ Եվրոպայի առաջնությունում մրցանակային տեղ են զբաղեցրել: Մյուսները պետք է շատ աշխատեն եւ ավելի պատասխանատվությամբ մոտենան մրցումներին»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց Հաբեթնակ Կուրղինյանը:
Նարեկ Սիրունյանը եւս պետք է հանդես գար հուշամրցաշարում: Սակայն ըմբիշը վնասվածքի պատճառով այն բաց թողեց: Սիրունյանի մասնակցությունը հարցականի տակ է նաեւ աշխարհի առաջնությունում.
«Թիմի կազմը պարզ կդառնա վերջին հավաքից հետո: Շատ լավ կլինի, որ մեր բոլոր ըմբիշները կարողանան մասնակցել Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Այս փորձն աշխատեց Վալոդյա Ֆրանգուլյանի եւ Գրիգոր Գրիգորյանի դեպքում: Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Ֆրանգուլյանը չեմպիոն էր դարձել, իսկ Գրիգորյանը փոխչեմպիոն: Նրանք զգացին, որ կարող են հաղթել նաեւ մեծահասակների պայքարում»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:
Ալի Ալիեւի հուշամրցաշարին մասնակցում էին Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ) եւ Գեւորգի Կետոեւը (97 կգ):
Հուլիսի 15-ին հավաքականը կմեկնի Կիսլովոդսկ, որտեղ Ռուսաստանի ընտրանու հետ համատեղ հավաք կանցկացնի: