Հայաստանն ու Չինաստանը կհամագործակցեն մասսայական սպորտի զարգացման հարցում

14:24 - 11 Հուլ, 2017

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը եւ մեր երկրում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը ստորագրել են պայմանագիր՝ Հայաստանում մասսայական սպորտի զարգացմանը Չինաստանի աջակցության վերաբերյալ:

ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է դեսպանին եւ շնորհակալություն հայտնել սպորտի ոլորտում համագործակցելու պատրաստակամության համար.

«Վստահ եմ, որ սա առայժմ մեր համագործակցության մեկնարկն է, որը լինելու է շարունակական եւ տալու է ցանկալի արդյունք՝ Հայաստանի բոլոր մարզերում զարգացնել մասսայական սպորտը եւ տարածել առողջ ապրելակերպի գաղափարները»,- ասել է Հրաչյա Ռոստոմյանը:

Դեսպան Թիան Էրլունը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ Չինաստանում ավանդաբար մեծ նշանակություն է տրվել մասսայական սպորտին, եւ ինքն ուրախ է, որ այս համագործակցությունը կօգնի հատկապես Հայաստանի մարզերում մարզվողների թվի ավելացմանը եւ բնակչության շրջանում առողջ ապրելակերպի գաղափարների արմատավորմանը:

Այս փուլում նախատեսվում է մարզահրապարակներ կառուցել Լոռու մարզի Վանաձոր, Սյունիքի մարզի Կապան եւ Տավուշի մարզի Իջեւան քաղաքներում:

«Նախարարության եւ ՀԱՕԿ-ի կողմից հետեւողական աշխատանք է տարվելու հաջորդ երկու տարիների ընթացքում նաեւ մյուս բոլոր մարզերում նմանատիպ մարզահրապարակներ ունենալու համար»,- նշել է Հրաչյա Ռոստոմյանը։

 

Այլ նորություններ