Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ սեպտեմբերի 19-ին Օլիմպավանում կանցկացվի «Սպորտային բժիշկների գիտելիքների բարձրացումը` դոպինգի օգտագործումը կանխելու գործընթացում» թեմայով սեմինար: Այն կկայանա «Օլիմպիական համերաշխություն» ծրագրի շրջանակներում:
Սեմինարը նախատեսված է Հայաստանում սպորտային բժիշկների եւ այն բժիշների համար, որոնք առնչվում են մարզիկների հետ: Դասընթացին ներկա կլինեն նաեւ լրագրողներ եւ սպորտային կառույցների ադմինիստրատորներ: Ընդհանուր առմամբ կմասնակցի 90 մարդ:
Դասընթացը բաղկացած է երեք մասից.
1. Սննդային հավելումների օգտագործումը սպորտում
2. Արտակարգ իրավիճակներում օգտագործվող ժամանակակից գործընթացները
3. Վնասվածքների բուժումն առանց արգելված նյութերի
Այս թեմաների շրջանակներում ելույթ կունենան հակադոպինգային ծառայության պետ, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը, սպորտային բժիշկ Դավիթ Մոսինյանը, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանը եւ Վրաստանի բժշկական համալարանի սպորտային բժշկության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պավլե Կասրաձեն:
Կարեն Ստեփանյանը վերջերս ՈՒԵՖԱ-ի կողմից սերտիֆիկացվել է «Արտակարգ իրավիճակներում օգտագործվող ժամանակակից գործընթացները» թեմայով: Իսկ Պավլե Կասրաձեն հրավիրվել է, քանի որ հայ մարզիկները հաճախ են դիմում նրա բժշկական օգնությանը:
Սեմինարի ընթացքում մասնակիցները կստանան գրքույկներ, որոնց մեջ ներառված կլինեն նյութեր տվալ թեմաների վերաբերյալ: Բժիշկները կլրացնեն հարցաթերթիկներ` գիտելիքների ստուգման համար:
Նման մասշտաբի սպորտային բժշկության սեմինար Հայաստանում անցկացվելու է առաջին անգամ: ՀԱՕԿ-ը կշարունակի այս բնույթի դասընթացների իրականացումը:
Լուսանկարում` Արեգ Հովհաննիսյանը