Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը մի քանի օր է Երեւանում է: Նոր մարզչի գլխավորւթյամբ ազգային թիմը շուտով կսկսի պատրաստվել աշխարհի առաջնության ընտրական փուլին: Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցներն են` Բոսնիա եւ Հերցեգովինան, Շվեդիան եւ Սլովակիան:
Նիկշա Բավցեւիչը ՀԱՕԿ լրատվականի հետ հարցազրույցում խոսել է իր առաջին տպավորությունների եւ աշխարհի առաջնությունում մեր շանսերի մասին:
- Պարո´ն Բավցեւիչ, բարի գալուստ Հայաստան: Ինչպիսի՞ տպավորություններ ունեք մեր երկրից:
- Առաջին անգամ եմ Հայաստանում: Հասցրել եմ մի փոքր ծանոթանալ քաղաքին: Հայաստանի մասին ունեցածս տեղեկությունը համացանցից է: Ես գիտեմ, որ շատ հին երկիր է` հայրենասեր մարդկանցով, ինչը շատ լավ է: Մարդիկ շփվող են, ընկերասեր եւ օգնելու պատրաստակամ: Ես հաճելիորեն զարմացա, երբ իմացա, որ ուտելը ձեզ մոտ ազգային հոբի է: Դա շատ համեղ հոբի է (ծիծաղում է,- խմբ):
Երեւանը հակասություներով լի քաղաք է: Կարծես, այստեղ հին ավանդույթների եւ ժամանակակից կյանքի պայքար լինի: Եւս մեկ առանձնահատկություն եմ նկատել. շատ եմ ճամփորդել, բայց երբեք ոչ մի քաղաքում այդքան վարդեր չեմ տեսել: Ինձ գրավել են նաեւ որմնանախշերը: Հայաստանն առաջին քրիստոնեական երկիրն է, հետեւաբար՝ այստեղ ուսումնասիրելու բազմաթիվ վայրեր կան:
- Ինչո՞ւ որոշեցիք գլխավորել Հայաստանի հավաքականը:
- Իմ գործակալ Սեւակ Կեուչյանը հայ է եւ նա է ինձ ասել այս շանսի մասին: Ինձ համար նոր մարտահրավեր էր գլխավորել ազգային հավաքական: Հետո, հայրս աշխարհագրագետ է, նա ինձ պատմել էր Հայաստանի պատմության, ցեղասպանության մասին, ինչը խթանեց, որ ես ընդունեմ առաջարկը: Ցանկացած մարզչի համար պատիվ է գլխավորել ազգային հավաքական:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ցանկանում է այս մարզաձեւը վերադարձնել եվրոպական նախկին մակարդակին: Վերջին երեք ամիսների ընթացքում ամեն օր կապի մեջ եմ եղել ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ: Նրանք մեծ խանդավառությամբ են վերաբերում բասկետբոլը զարգացնելու գործին:
Մ 20 տարեկանների հավաքականը մեծ ներուժ ունի: Հաճելիորեն զարմացա, երբ տեսա խաղացողների, որոնք կարող են խաղալ եվրոպական մակարդակով: Ֆեդերացիան անհավատալի էներգիա եւ գումար է ներդնում, որոնք փոխկապակցված են:
Դուք ունեք կանանց եւ տղամարդկանց տարիքային հավաքականներ: Ինձ ասացին, որ սա զարգացման եւ ուժեղ թիմ ունենալու առաջին քայլն է: Առաջիկայում ֆեդերացիան պատրաստվում է նաեւ ներքին առաջնություն ստեղծել: Ինձ համար մեծ հաճույք է լինել այս ամենի մասնիկը:
- Արդեն ծանոթացե՞լ եք բասկետբոլիստների հետ:
- Շատերի հետ խոսել եմ հեռախոսով, ներկայացրել եմ ինձ եւ իմ ծրագրերը: Այժմ սպասում եմ, որ նրանք ժամանեն Հայաստան:
- Հետևե՞լ եք մեր մրցակիցների խաղերին: Ի՞նչ կասեք նրանց մասին:
- Շատ բարդ խմբում ենք հայտնվել: Հայաստանի հավաքականը նախորդ տարի դարձել է փոքր երկրների Եվրոպայի առաջնության չեմպիոն. այժմ շատ ավելի բարդ առաջնությունում ենք խաղալու, լուրջ մրցակիցներ ունենք: Չենք կարող Մալթային համեմատել Բոսնիա եւ Հերցեգովինայի կամ Շվեդիայի հետ: Նրանք միջազգային մակարդակի շատ բասկետբոլիստներ ունեն: Մեր մրցակիցները մեզնից մի փոքր ուժեղ են: Սա մեր թիմի ու ֆեդերացիայի համար լավ հնարավորություն է` սովորելու, տեսնելու, թե ինչ աշխատանք է անհրաժեշտ, ինչպիսին է մեր ապագան:
- Ո՞րն է Ձեր գլխավոր նպատակը:
- Երկու հիմնական նպատակ ունեմ: Մեր ֆեդերացիան մեծ ջանքեր է գործադրում սփյուռքի հայ բասկետբոլիստներին հավաքական բերելու համար: Պետք է աջակցեմ նրանց: Կարծում եմ, մոտ ենք անյպիսի խաղացողների խումբ ձեւավորելուն, որը հանդես կգա առաջիկա երկու տարիներին: Առաջին նպատակս է` ազգային թիմի նոր մշակույթ ձեւավորելը: Դա շատ կարեւոր է խաղացողների համար: Ես ունեմ այդ փորձը, գուցե դրա համար են ինձ նշանակել գլխավոր մարզիչ:
Բավարար չէ միայն ասել` ես հայրենասեր եմ, սիրում եմ ազգային խորհրդանիշերը: Այդ հայրենասիրությունը պետք է ներդնել հավաքականում: Չէ՞ որ այստեղ ոչ թե գումարի համար ես խաղում, այլ հպարտության եւ սիրո:
Երկրորդ նպատակս, իհարկե, հավաքականի հետ լավագույն արդյունքի հասնելն է:
- Ինչպե՞ս եք գնահատում մեր թիմի հնարավորություններն այս առաջնությունում:
- Պատրաստվելու շատ կարճ ժամանակ ունենք` մոտ երեք շաբաթ: Սովորաբար ակումբներն առաջնությունից 8-10 շաբաթ առաջ են սկսում մարզումները: Չենք կարող ամբողջությամբ կատարել այն, ինչ անհրաժեշտ է լավագույնս պատրաստ լինելու համար:
Բոսնիան թիմում որոշ խնդիրներ ունի, բայց կարծում եմ, որ հենց նրանք են մեր խմբի ֆավորիտը: Իհարկե, ամեն ինչ անելու ենք Շվեդիայից եւ Սլովակիայից առաջ անցնելու եւ խմբում գոնե երկրորդ տեղը զբաղեցնելու համար: Բասկետբոլը ֆուտբոլի նման չէ: Այստեղ անակնկալներ շատ քիչ են լինում: Թույլ թիմերն ուժեղներին հազվադեպ են հաղթում: Մենք կփորձենք ինչ-որ անակնկալ մատուցել: