Բասկետբոլի Հայաստանի Մ 20 տարեկան տղաների հավաքականն Օլիմպավանում պատրաստվում է Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը: Հավաքականի ավագ մարզիչ Վիգեն Էսկիջյանն առաջին տարին է աշխատում տղաների հետ: Նրա խոսքով, չնայած կարճ ժամանակին` պատրաստվում են լավագույն կերպով.
«Հավաքի սկզբում բասկետբոլիստները ֆիզիկապես այնքան էլ պատրաստ չէին: Այս երկու շաբաթվա ընթացքում աշխատել ենք այդ ուղղությամբ, տեխնիկայի, մարտավարության ու թիմի խաղաոճի վրա:
Լավ արդյունքի հասնելու համար երկար ժամանակ է պահանջվում: Բայց կփորձենք անել առավելագույնը: Արդյունքը բերքի պես է` պետք է ցանես, որ ստանաս»,- նշեց մարզիչը:
A խմբում մեր թիմի մրցակիցները Բելառուսի, Լեհաստանի, Ֆինլանդիայի եւ Բելգիայի հավաքականներն են: Էսկիջյանն ուսումնասիրել է մրցակիցների խաղերը: Նրա կարծիքով` բավականին ուժեղ խմբում ենք հայտնվել.
«Նրանք մեզ դիտարկում են, որպես թույլ մրցակցի: Բայց մենք պայքարելու ենք ամեն խաղի ու գնդակի համար: Կարեւոր չէ, թե մրցակիցն ով է` մեր տղաները պետք է հարյուր տոկոսով ներդնեն իրենց ուժը, կամքն ու թիմային ոգին: Փորձելու ենք վարպետությամբ ու խելացիորեն կորզել հաղթանակները»,- ասաց Վիգեն Էսկիջյանը:
Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը մասնակցելու համար թիմում ընդգրկվել են Միքայել Հակոբյանը (ԱՄՆ), Սթիվեն Ինոքը (ԱՄՆ), Զաքարի Ջոն Տավիտյանը (ԱՄՆ), Մաքսիմ Կնյազեւը (Ռուսաստան), Մեթյու Ռիչարդ Մադոյանը (ԱՄՆ), Վայթսայդ Մականին (ԱՄՆ), Գաբրիել Աճեմյանը (ԱՄՆ), Արամ Արսլանյանը (ԱՄՆ), Ջասթին Արմեն Կույումջյանը (ԱՄՆ), Գեորգի Պոդկոլզինը (Ռուսաստան), Արտյոմ Պեչենջյանը (Ռուսաստան), Հայկազ Գրիգորյանը (Հայաստան):