Գերմանիայի Դորտմունդ քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր գորգ են մտել 50, 60, 74 եւ 96 կգ քաշային կարգերի մարզիկները: Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Կարեն Զուրաբյանը (50 կգ) նվաճեց բրոնզե մեդալ:
Մեկնարկային գոտեմարտում մեր ըմբիշը զիջեց ՌԴ-ն նեկայացնող Մուհամմադհոն Մուխիդդին-Զադեին (3:13): Այնուհետեւ ռուս ըմբիշը հասավ եզրափակիչ եւ Զուրաբյանը սփոփիչ գոտեմարտերում պայքարեց բրոնզի համար: Սկզբում նա հաղթեց Բելառուսը ներկայացնող Վլադիսլավ Կոյկային (10:0), իսկ որոշիչ գոտեմարտում ոչ մի շանս չթողեց թուրք Էնգին Չեթինին (11:4):
Եզրափակչում ռուս ըմբիշը հաղթեց ադրբեջանցի Շախին Մուխտարովին (5:1): Երկրորդ բրոնզե մեդալը բաժին հասավ Գերմանիայի ներկայացուցիչ Հորստ Լեգրին:
Մեր մյուս ըմբիշները՝ Վարդգես Կարապետյանը (60 կգ), Արման Ավագյանը (74 կգ) եւ Սարգիս Հովսեփյանը (96 կգ) այսօր չկարողացան մեդալ նվաճել:
Հունիսի 28-ին գորգ կմտնեն Արսեն Հարությունյանը (55 կգ), Գեւորգ Մխեյանը (66 կգ), Հովհաննես Մխիթարյանը (84 կգ), Հովհաննես Մաղաքյանը (120 կգ):