Ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի համար Ստամբուլի միջազգային մրցաշարն առաջին ստուգատեսն էր նոր պաշտոնում:
Մարզիչն ընդհանուր առմամբ դժգոհ չէ ըմբիշներից.
«Յուրաքանչյուրը գոտեմարտեց իր չափով: Բավական ուժեղ մրցաշար էր: Բոլոր տղաներին կասեմ իրենց սխալներն ու հանձնարարություններ կտամ: Գործնական գոտեմարտերը միշտ ավելի ճիշտ են ցույց տալիս թերությունները: Մեր տղաները պետք է ֆիզիկապես ավելի լավ պատրաստվեն, արագություն ունենան, շատ շնչեն:
Տղաներից դժգոհ չեմ, բայց ավելին էի սպասում: Կցանկանայի ոսկե մեդալ նվաճեինք: Եվրոպայի առաջնությունից առաջ սա փորձնական մրցաշար էր` մեզ ստուգելու եւ սխալները գտնելու համար: Առաջիկայում հավաք կունենանք Վլադիկավկազում: Ընդլայնված կազմի ըմբիշների հետ միշտ միասին ենք լինելու, որ կարողանանք հարկ եղած դեպքում փոխարինող ունենալ»,-ասաց Արմեն Մկրտչյանը:
Թուրքիայում կայացած Յաշար Դոգուի մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել էր մեկ բրոնզե եւ մեկ արծաթե մեդալ:
Լուսանկարը` Արմեն Մկրտչյանի անձնական արխիվից