Ստամբուլում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Յաշար Դոգուի անվան միջազգային մրցաշարի առաջին օրը Հայաստանի հավաքականը մեդալ չնվաճեց: 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը եւ Վալտեր Մարգարյանը (70կգ) երկուական հաղթանակից հետո պարտություն կրեցին, որից հետո չհաղթահարեցին սփոփիչ գոտեմարտերի արգելքը:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը Ստամբուլից ՀԱՕԿ լրատվականին հայտնեց, որ մրցաշարը անչափ ուժեղ կազմ է հավաքել, ժամանել են օլիմպիական մրցանակակիրներ, աշխարհի չեմպիոններ...
«Այս մրցաշարն ըստ էության մեր առաջին միջազգային փորձությունն է եւ ես այն հենց այդպես էլ դիտարկում եմ: Գարիկն ու Վալտերը ընդհանուր առմամբ վատ չէին, բայց մարտերը վարելիս վրիպումներ թույլ տվեցին: Դրանք ես նշել եմ մոտս, իրենց էլ արդեն բացատրել: Վաղը չորս մասնակից ենք ունենալու: Տեսնենք, թե նրանք ինչ կանեն: Անկախ ամեն ինչից, մի բան պարզ է. աշխատելու դեռ շատ տեղ ունենք»,-ասաց նա: Արմեն Մկրտչյանը պարտությունների մեղքը չբարդեց մրցավարների վրա՝ նշելով, որ ակնհայտ կողմնապահություն չկար:
Վաղը պայքարի մեջ կմտնեն 61, 74 եւ 125 կգ քաշային ըմբիշները: