Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել 31-րդ Օլիմպիական խաղերի` Հայաստանի մասնակիցներին

14:37 - 04 Օգո, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել 31-րդ Oլիմպիական խաղերին մասնակցելու նպատակով Բրազիլիա մեկնած Հայաստանի պատվիրակության անդամներին: Հայաստանցի օլիմպիականներին ուղղված Հանրապետության Նախագահի ուղերձում մասնավորապես ասված է.

«Սիրելի՛ օլիմպիականներ,

Ձեզ հիանալի հնարավորություն է տրված պաշտպանելու մեր երկրի մարզական պատիվը Ռիո դե Ժանեյրոյում` օգոստոսի 5-ին մեկնարկելիք 31-րդ Oլիմպիական խաղերում:

Մեծ սպորտը պահանջում է աշխատանք, կարգապահություն և հավատ սեփական ունակությունների հանդեպ: Օլիմպիական խաղերը միավորում են ուժեղ և համարձակ մարդկանց: Այդ հատկանիշներով դուք արդեն նվաճել եք համաշխարհային գլխավոր մարզահանդեսում մեր երկիրը ներկայացնելու իրավունքը: Դա արդեն մեծ պատիվ է: Մնում է, որ հաջողության հասնեք օլիմպիական մրցասպարեզներում և Հայաստանն` ըստ արժանվույն ներկայացնեք համայն հայությանն ու աշխարհի մարզասերներին:

Հավատում ենք Հայաստանի` 33 մարզիկներով համալրված պատվիրակությանը, որը թվով ամենամեծն է` մեր երկրի անկախացումից ի վեր: Դուք կարող եք և պարտավոր եք զարգացնել արդեն ձեռք բերածը և տեղ զբաղեցնել օլիմպիական պատվանդանին: Դուք բազմիցս հաստատել եք ձեր բարձր կարգը՝ ունեք համապատասխան վարպետություն, ընդհանուր լավ պատրաստվածություն, անհրաժեշտ փորձ և կամային բարձր որակներ:

Հուսանք, որ բրազիլական ստուգատեսում կարդարացնեք սպասելիքները, և ձեր հաղթանակների շնորհիվ` կբարձրացվի հայոց եռագույնը:

Մաղթում եմ հաջողություն և հաղթական վերադարձ հայրենիք»:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

Այլ նորություններ