Օրեր անց մեկնարկում են մինչև 20 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի հանդիպումները: Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը համալրել է ԱՄՆ Ուսանողական լիգայի (Խմբ. առաջին դիվիզիոն) լավագույն կենտրոնականներից մեկը՝ Սթիվեն Էնոչը: Մասնագետների կարծիքով՝ Էնոչը համարվում է NBA-ի ապագա աստղ: 1997 թվականին ծնված բասկետբոլիստը 2մ 10սմ հասակ ունի: Ծնվել է ԱՄՆ-ի Նորուոկում (Կոննեկտիկուտ) և խաղում է «UConn» բասկետբոլային ակումբում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Էնոչը խոստովանեց, որ շատ է հավանել Երևանը և հայերին:
-Սթիվեն, ինչպե՞ս ստացար Հայաստանի հավաքականին միանալու առաջարկը:
-Նրանք կապվեցին իմ նախկին մարզչի հետ, ով առաջարկը փոխանցեց ներկայիս մարզչին: Վերջինս ծանոթ էր Հայաստանի հավաքականի մարզչին, ով հետաքրքրված էր Ամերիկայի մի քանի խաղացողներով:
-Մինչև հրավեր ստանալը, ի՞նչ գիտեիր Հայաստանի մասին:
-Երբ հրավերը ստացա, համացանցում փնտրեցի «Հայաստան»-ը: Գեղեցիկ պետություն էր: Լսել եմ ձեր պատմության մասին: Ես մի քանի խաղացողների գիտեմ, ովքեր ուրիշ երկրներ են ներկայացնում: Սակայն ոչ բոլորը լավ գիտեն Հայաստանը: Ես առաջինն էի, որ եկա այստեղ:
-Մոտ 3 շաբաթ է , ինչ այստեղ ես և մարզվում ես հավաքականի հետ: Ի՞նչ կասես թիմակիցներիդ մասին:
-Իմ թիմակիցները լավ տղաներ են: Նրանք ինձ եղբոր պես ընդունեցին:
-Հասցրե՞լ ես տեսնել Երևանը:
-Այո, այն իսկապես շատ գեղեցիկ է: Նման չէ խիտ բնակեցված Նյու Յորքին, որտեղ բարձր շենքեր և խելահեղ խցանումներ են: Ես իսկապես սիրեցի այս փոքրիկ քաղաքը:
-Ի՞նչն ես ամենից շատ հավանել հայերի մեջ:
-Ամենից շատ սիրեցի այն փաստը, որ նրանք ցանկանում են քեզ ուշադիր լինել, հարցեր տալ: Չեն վախենում շփվել նոր մարդկանց հետ:
-Խոսենք Եվրոպայի առաջնության մասին: Ի՞նչ ակնկալիքներով ես մեկնում Հունաստան:
-Միայն ոսկե մեդալի:
-Շնորհակալություն և հաղթանակ ձեզ:
Մ20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը կկայանա հուլիսի 15-24-ը Հունաստանի Խալկիդա քաղաքում:
ՀԱՕԿ լրատվության բաժին