Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:
Մեր այս հերոսը հեռացատկորդ Ամալիյա Շարոյանն է: Նա ծնվել է 1988 թվականին Երևանում: Աթլետիկայով զբաղվում է 3 տարեկանից: Շարոյանը 7 մարզաձևերից սպորտի վարպետի կոչում ունի: Ամալիյան բավականին պրոֆեսիոնալ մոտեցում ունի իր աշխատանքի նկատմամբ, և երբ զրույցի էինք բռնվել նկարահանումների ժամանակ շեշտեց, որ աթլետիկան այն մարզաձևն է, որ ամենօրյա, հետևողական աշխատանք է պահանջում:
Վերջինիս կարծիքով՝ Օլիմպիական խաղերին մասնակցելը երկարամյա աշխատանքի արդյունք է: Շարոյանը իսկական պրոֆեսիոնալի պես մոտեցավ մեր նկարահանումներին, երբեմն-երբեմն հուշելով, թե ինչպես ավելի հաջող կստացվի: Նա լուրջ, ծանրակշիռ, հավասարակշռված և նպատակասլաց անձնավորություն է:
-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:
-Թալիսման չէ, բայց ինձ հետ է մայրիկիս նվիրած մատանին, որը նվեր եմ ստացել Սանկտ-Պետերբուրգի հայկական եկեղեցում 2011 թվականին: Այն միշտ մատիս է, բայց չեմ կարող ասել, թե այն հաջողություն է բերում կամ այլ բան:
-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:
-Կցանկանայի, որ հանդիսատեսի մեջ լինեին նրանք, ովքեր կցավեն, կերկրպագեն ինձ. Իհարկե, մայրիկիս կցանկանայի տեսնել այնտեղ:
-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:
-Չեմ կարող ասել, թե ով կլինի կողքիս կանգնած, բայց մայրիկիս հետ միանշանակ:
-Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:
-Ցանկություն, կամք, նվիրվածություն:
-Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:
Ուզում եմ, որ Ռիոն հիշեմ, որպես ամենաբարձր արդյունք գրանցած մրցաշար:
Մարմնամարզիկներ՝ Հուրի Գեբեշյան
Ըմբիշներ՝ Լևան Բերիանիձե
Հրաձիգ՝ Հրաչ Բաբայան
Բռնցքամարտիկներ՝ Նարեկ Աբգարյան
Պաշտոնական գործընկեր՝ Ucom
ՀԱՕԿ լրատվության բաժին