Բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը, ինչպես նաև հավաքականի անդամներ՝ Միքայել Պողոսյանը, Արտյոմ Թավաքալյանը և Սերգեյ Պոլուխինը հանդիպեցին լրագողներին և պատասխանեցին նրանց հարցերին: Մասնակիցները խոսեցին Եվրոպայի փոքր երկրների առաջնությունից և հետագա անելիքներից:
Արա Պողոսյան. «Հավաքականը կազմավորելու ծրագիրը մենք դեռ սկսել էինք 5 տարի առաջ: Մեր ծրագիրը դեռ ավարտված չէ: Մենք նախատեսում ենք, որ արդեն այս տարվանից Հայաստանը կունենա բասկետբոլի պրոֆեսինոնալ ակումբ, որը կխաղա Ռուսաստանի «Սուպեր լիգայում» և Եվրոպայի որևէ Գավաթներից մեկում, դեռ հստակ որոշված չէ: Մեր հավաքկանից 8 մարզիկ կհամալրեն այդ ակումբը, իսկ գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը համաձայնեց վերադառնալ Հայաստան և գլխավորել այդ ակումբը: Հույս ունենք՝ ձեզ ուրախացնելու առիթներ կունենանք»:
Տիգրան Գյոկչյան. «Առաջնությանը մասնակցելուց առաջ մենք գիտեինք, որ հեշտ չի լինելու: Սպորտում ամեն ինչ լինում է: Մի փոքր խնդիր ունեինք՝ խաղակցվածության հետ կապված: Հանդիսատեսին թվում է, թե մենք հեշտ էինք հաղթում և պայքարը թեժ չէր, սակայն դա ամենևին էլ այդպես չէր: Այն, որ մենք հաղթում էինք մրցակիցներին, չէր նշանակում, որ նրանք էին թույլ, դա խոսում էր մեր թիմի՝ ուժե լինելու մասին»:
Միքայել Պողոսյան. «Հավաքականում հանդես գալը և հաղթելը մեծ ուրախություն էր բոլորիս համար: Ակումբը համալրելու հաճելի առաջարկ ստացա, որն, ամենայն հավանականությամբ, կընդունեմ»:
Արտյոմ Թավաքալյան. «Ես նույնպես թիմը համալրելու առաջարկ եմ ստացել, սակայն պետք է վերադառնամ ԱՄՆ և ուսումս շարունակեմ: Որոշմանս մասին հստակ չեմ կարող ասել»:
Սերգեյ Պոլուխին. «Ես 16 տարեկանից հանդես եմ գալիս Հայաստանի հավաքականի կազմում: Ստացա ակումբից հանդես գալու առաջարկը: Սիրով ընդունել եմ այն»:
Լուսանկարը՝ PanArmenian-ի
ՀԱՕԿ լրատվության բաժին