«Ճանապարհ դեպի Ռիո». Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյան

12:30 - 06 Հուն, 2016

Ռիո դե ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկից ճիշտ 60 օր առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը սկսում է «Ճանապարհ դեպի Ռիո» նախագիծը, որտեղ կներկայացնենք Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և  ձեր ուշադրությանը կներկայացնենք մեր օլիմպիականների լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի  համար:

Նախագիծը սկսում ենք բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող կրտսեր բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանից: Նա առաջինն էր, ով Թուրքիայի Սամսուն քաղաքում կայացած վարկանիշային մրցաշարում դուրս եկավ 49 կգ քաշայինների եզրափակիչ՝ միևնույն ժամանակ ապահովելով իր ուղեգիրը: 20-ամյա Արթուրը ծնունդով գյումրեցի է, համեստ է և զուսպ: Երբ զանգահարեցինք և տեղեկացրինք Արթուրին նախագծի մասին և խնդրեցինք գալ, վերջինս առանց վարանելու Գյումրուց եկավ Երևան՝ պայմանավորված ժամից 40 րոպե շուտ: Երբ հարցրինք՝ ինչո՞ւ է այսքան շուտ եկել, ասաց, որ չէր ցանկանում ուշանալ: Ձեզ ենք ներկայացնում ճշտապահ Հովհաննիսյանի լուսանկարներն ու ճեպազրույցը: 

 

-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:

-Ես թալիսմաններ չունեմ: Իմ խաչն է ինձ հետ:

-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:

-Հայրիկիս և եղբորս:

-Ու՞մ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:

- Ծնողներիս:

-Երեք բառով նկարագրիր Օլիմպիական խաղերը:

-Ուժ, փառք, հաղթանակ:

-Ինչպե՞ս կուզեիր, որ հիշվեին այս Օլիմպիական խաղերը:

 -Չեմպիոնական (ժպտում է):

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Պաշտոնական գործընկեր` Ucom

 

Այլ նորություններ