Մարմնամարզության Հայաստանի հավաքականի երեք անդամները՝ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը, Բեռնում կայացած մարմնամարզության Եվրոպայի առաջնության դարձան արծաթե մեդալակիրներ: ՀԱՕԿ լրատվականի հետ Եվրոպայի փոխչեմպիոնները կիսվեցին զգացողություններով և խոսեցին առաջիկա անելիքների մասին:
Վահագն Դավթյան. Այս պահին զգացողություններս աննկարագրելի են: Մի փոքր լարված էի, բայց լավ էր էի տրամադրվել լավագույն արդյունք գրանցելու համար: Եվրոպայի առաջնությունում 5-րդ անգամ էի եզրափակիչ հասնում, սակայն ամեն անգամ ինձ մի բան խանգարում էր: Միշտ լավագույն եռյակ մտնելուց կես քայլ հետ էի մնում: Փառք Աստծո, այս անգամ ամեն ինչ հրաշալի ստացվեց: Շատ ուրախ եմ թիմակիցներիս համար, մեր թիմի համար: Շնորհակալ եմ մեր մարզիչներին:
Արթուր Դավթյան. Շատ ուրախալի է մեր թիմի այսպիսի ելույթը: Ես կատարեցի իմ առաջադրանքը: Երկրորդ ցանտկս պետք է անեի Ռիոյի Օլիմպիական խաղերից առաջ: Բավականին լավ ստացվեց և արծաթե մեդալ նվաճեցի: Կարևոր է, որ Խաղերից առաջ վարժությունս պատրաստ լիներ: Գործիքների տարբերություն իրոք շատ կա: Այն գործիքները, որոնց վրա մենք ենք մարզվում շատ հին են և սրանց համեմատ շատ տարբերություններ ունեն, կան նրբություններ, որոնք առաջին հայացքից չեն երևում ոչ մասնագետի համար: Պատկերացնում եք, եթե այս գործիքների վրա մարզվեինք, ինչ կլիներ (ծիծաղում է):
Արթուր Ավետիսյան. Սա իմ առաջին լուրջ հաջողությունն է: Բառերով չեմ կարող նկարագրել զգացածս: Շատ ուրախ եմ: Շնորհակալ եմ իմ մարզիչներին՝ նրանց օգնության և խորհուրդների համար: Շնորհակալ եմ ծնողներիս: Այժմ կաշխատեմ վարժություններս բարդացնել:
Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամները նվաճեցին 1 ոսկե և 3 արծաթե մեդալ: Նժույգթափեր վարժությունում Եվրոպայի չեմպիոն դարձավ Հարություն Մերդինյանը:
Շվեյցարիա, Բեռն
ՀԱՕԿ լրատվության բաժին